Քոչարյանի օրոք կյանքը մի քիչ հունի մեջ ընկավ, ուրանալ դա չի կարելի

Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։ Ըստ նրա, Քոչարյանի օրոք կյանքը մի քիչ հունի մեջ ընկավ, շինարարություն կար, աշխատանաք, տնտեսական ինչ -ինչ բաներ կային եւ այս դժվարին ժամանակներում ուրանալ դա, երբ մարդը կալանքի տակ է, չի կարելի։

«Բայց նրա օրոք ահավոր ձեւի սկսվեց երկրի թալանը, այն, ինչ ասում են կոռուպցիա, ինչպես նաեւ սկսեց երկրի այսպես ասած պաշտոնական դիրքերի ղարաբաղիզացիան, որտեղ մի ղարաբաղցի էին գտնում, անպայման պետք է լիներ պաշտոնի։ Եվ աննկատ ձեւով ղարաբաղցի լինելը դարձավ կարծես թե չգրանցված կուսակցության նման մի բան։ Այս գիծը էլ ավելի խայտառակ ձեւով շարունակվեց նաեւ հաջորդ նախագահի օրոք։ Սերժ Սարգսյանը շարունակեց Ռոբերտ Քոչարյանի «ավանդույթները», այդ տհաճ դեմքերը, նրանց կատակները, մարդ ամոթից գետինն էր մտնում, որ սրանք են իր երկրի ղեկավարները։

Հիմա կանգնած ենք մաքրագործման առաջ, այս պահին Ռոբերտ Քոչարյանի հարցն է, Մարտի 1, չմոռանանք Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցավ նաեւ հոկտեմբերի 27-ը։ Այս բոլոր հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները։ Անկեղծ ասած՝ կալանավորումներին, մարդուն վանդակների մեջ նետելուն դեմ եմ։ Այո, մարդը պետք է պատասխան տա, բայց կարելի էր տնային կալանք կամ ստորագրությամբ չբացակայելով պահել նրան, մանրակրկիտ քննել բոլոր հարցերը՝ թե ինչ կատարվեց, ով արեց, ոնց արեց եւ ամեն մարդ իր տեղում իր պատիժը կրի»,-ընդգծեց Գասպարյանը։

Մեկնաբանություն
X