Քաղաքապետարանում բաժնի պետերը հերթով ազատման դիմում են գրում

Հուլիսի 6-ից Հրազդանի քաղաքապետարանում մարզպետարանի կողմից ստուգումներ էին իրականացվում, որն ավարտվեց հուլիսի 27-ին: Թե ինչ խախտումներ են հայտնաբերվել քաղաքապետարանում, հետաքրքրվեցինք քաղաքապետի մամուլի խոսնակ Մայիս Պողոսյանից, ով էլ իր հերթին ասաց, որ այդ մասին կխոսեն 3 օրից, երբ կկազմվի ստուգումների ակտը:

Ստուգումներից հետո քաղաքապետարանի հարկային բաժնի պետ Սամվել Գրիգորյանը, ֆինանսական բաժնի պետ Սամվել Հարությունյանը եւ տարածքային զարգացման, հողային կադաստրի և գյուղատնտեսության բաժնի պետ Մյասնիկ Կոստանյանը ազատման դիմումներ գրեցին: Օրեր առաջ աշխատանքից ազատվել էին նախկին քաղաքապետի 4 խորհրդականները, փոխքաղաքապետ Գեղամ Տիգրանյանը, բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետ Մայիս Եղիազարյանը:

Իր ազատման մասին քաղաքապետարանի հարկային բաժնի պետ Սամվել Գրիգորյանը ասաց. «Ճիշտը այն է, որ եթե գալիս է նոր թիմը, պետք է նախորդ թիմը հեռանա: Ուրախ կլինենք, որ նոր թիմը նորովի աշխատի»: Մինչ նախորդ քաղաքապետի թիմը հեռանում է, քաղաքապետի ժ/պ Լիլիթ Ստեփանյանը իրեն շրջապատում է նոր կադրերով: Քաղաքապետի տեղակալ է նշանակվել Վարուժան Սաֆարյանը, ով եղել է քաղաքապետարանի նախկին բնակվարչության պետը: Օգնական է նշանակվել Արտիկ Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է համատիրության նախագահ: Խորհրդական է նշանակվել Անահիտ Նազարյանը, ով քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախկին պետն էր:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X