Եթե ինժեներ է ու լուրջ՝ կարո՞ղ է լինել քաղաքապետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: Այս մասին հայտնի դարձավ երեկ երեկոյան՝ ՔՊ կուսակցության վարչության նիստից անմիջապես հետո։

Դերասանուհի Լալա Մնացականյանն անդրադառնալով դերասան Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալու փաստին, այսպես արձագանքեց․ «Իսկ ինչո՞ւ ոչ։ Ես իհարկե իր ակտիվ գործնեությունը չեմ տեսել քաղաքի հետ կապված, բայց սրտացավությունը տեսել եմ։ Այո, ինքը մասնակցել է տարբեր քաղաքացիական պայքարների եւ շատ ակտիվ է մասնակցել։ Ես ինձ էլ եմ հիշում, իրեն էլ այդ պայքարների մեջ ու կարող եմ ասել, որ շատ սրտացավ է մասնակցել։ Ուղղակի քաղաքի հետ կապված երեւի չէր կարող շատ հարցերում գործուն միջամտություն ունենալ, որովհետեւ ավագանու անդամ չէր եւ չէր կարող ավելի լայն գործնեություն ծավալել, բայց որ սրտացավ է, սիրում է երկիրը, մտահոգ է՝ տեսել եմ»։

Լալա Մնացականյանին դուր չի գալիս, որ մարդիկ ասում են դերասանը, կոմիկը չի կարող լինել քաղաքապետ․ «Իսկ դա ո՞վ որոշեց, այսինքն եթե ինժեներ է ու լուրջ՝ կարո՞ղ է լինել։ Հայկը դերասան է, ով ինձ վրա բավականին զարգացած, կարդացած մարդու տպավորություն է թողնում։ Ես չգիտեմ քաղաքապետի համար ինչ մասնագիտություն է պետք, կա՞ արդոք նման մասնագիտություն, կարծում եմ՝ չկա»։

Դերասանուհին կարծում է, որ քաղաքի «գլուխը» բնավորությամբ շատ պինդ մարդ պետք է լինի, տեսակով իր խոսքի տերը, ուժեղ կերպար, ինչի կողքին ոչ պակաս կարեւոր է այն հանգամանքը, թե ով կլինի նոր քաղաքապետի շրջապատը․ «Որովհետեւ անձը կարեւորվում է եւ կարողանում է նորմալ գործնեություն ծավալել, երբ նա ընտրում է իրեն թիմակից ոչ թե իր ընկերներին, բարեկամներին, եղբայրներին եւ լավ տղերքին, այլ ընտրում է նույնիսկ այն մարդկանց, ովքեր կարող են իրեն հակադրվել հանուն գործի։ Երբ ես սկսում եմ ինչ որ գործ, միշտ հավաքում եմ գիտակ, ուժեղ բնավորության տեր, հետաքրքիր մարդկանց, որովհետեւ միահեծան որոշում ընդունել եւ ասել՝ ես այսպես եմ ուզում՝ չի անցնում։ Ով էլ որ նստի քաղաքապետի պաշտոնում եւ հավաքի գիտակ եւ ազնիվ թիմ, հաջողություն է ունենալու։ Զարուհի Փոստանջյանի ակտիվությունն էլ ենք տեսել, նա էլ է շատ սրտացավ։ Կարծում եմ Հայկն էլ, մնացած բոլորն էլ ազնիվ մարդիկ են եւ կկարողանան տեր կանգնել քաղաքին»։

Մեկնաբանություն
X