Քոչարյանի համար մարդն ու բլոճը նույնն են, մարդ սպանած լինի, թե բլոճ՝ նրա համար ոչ մի տարբերություն

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը օրերս տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց, թե Քոչարյանը որեւէ մեղքի զգացում չունի մարտի 1-ի դեպքերի հետ կապված, եւ Հայաստան է վերադարձել հանգիստ խղճով, որեւէ գործընթացից չի խուսափել։

«Քոչարյանը մեղքի զգացողություն չունի, որովհետև հանցանք չի կատարել: Մենք կոչ ենք անում ոչ թե հետաքննել սահմանադրական կարգի մտացածին տապալումը, այլ 10 զոհերի մահվան հանգամանքները: Իշխանությունները փոխվել են, ՀՔԾ-ն, խնդրեմ, թող պարզաբանի՝ այդ 10 հոգին ինչպե՞ս են զոհվել: Այնինչ, այդ կարևոր հարցի փոխարեն մենք փորձում ենք հասկանալ, թե ով է տապալել սահմանադրական կարգը»,-հայտարարել էր Սողոմոնյանը։

Մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով նախկին նախագահի մասին վերոհիշյալ հայտարարությանը՝ զայրացած ասած․ «Ինչպես թե՝ մեղքի զգացում չունի, նա 10 մարդու է դիմահար գնդակահարել տվել, նա եղել է գլխավոր-գերագույն հրամանատարը եւ տեղյակ է եղել ամեն ինչից։ Քոչարյանը փորձում է իր կաշին փրկել՝ անտեղյակ ձեւանալով, բայց արդեն շա՜տ ուշ է։ Ամբողջ հայ ժողովուրդը ուրախացել է, որ վերջապես այդ դահիճը կալանավորվել է, իսկ Սողոմոնյանն ավելի լավ է խոսի այն մասին, թե քանի՞ մարդու է նա իր իշխանություն օրոք ձերբակալել, տանջել, հետապնդել, սպանել, ինչքա՞ն միլիարդներ է կուտակել՝ լինելով աղքատ երկրի նախագահ, եւ միայն դրանից հետո մեղքի զգացումից խոսի։ Ճիշտ է, որտեղի՞ց նրան մեղքի զգացում,մեղքի գացում ունենում է մարդը, իսկ նրա համար մարդն ու բլոճը նույնն են, մարդ սպանած լինի, թե բլոճ՝ նրա համար ոչ մի տարբերություն»։ Սարգիս Քլոյանը մտահոգված է նաեւ նաեւ Սողոմոնյանի այն հայտարաությունից, թե Քոչարյանը շուտով ազատ է արձակվելու, արդարացվելու է, ավելին՝ «մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ»։ «

Դա ուղղակի զավեշտ է, նա 64 տարեկան է, ինչքան որ ապրեց՝ նրա կյանքը բանտերում պիտի անցնի, նա ոչ մի վայրկյան չպիտի ազատության մեջ լինի, իսկ թե ինչքան կապրի՝ ինքը գիտի։ Նրա կողքին շատ մարդիկ են գալու, եթե կուզեք՝ ասեմ․ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ, ինչպես նաեւ մարդկանց դիմահար կրակող-սպանողները»։ Մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ արդարադատությունը կհաղթանակի, քանի որ ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ բացահայտվելու են աղմկահարույց սպանությունները։

«Մինչդեռ իշխանափոխությունից առաջ մարտի 1-ի գործը տեղից չէր շարժվում, գործի նախաքննությամբ զբաղվող քննիչները անգործության էին մատնված։ Երկու ամիս է՝ իշխանափոխություն է տեղի ունեցել, եւ արդեն վերաբացվում է այս արյունալի գործը, եւ, կարելի է ասել՝ արդեն իսկ այդ գործի կեսը բացահայտվել է։ Իսկ 10 տարի հե՛նց Քոչարյանը չթողեց, որ բացահայտվի մարտի 1-ը, քանի որ գիտեր, որ առաջին անունը, որ պիտի տան, դա իր անունն է լինելու»։

Նշենք, որ մարտ 1-ի զոհերի հարազատները «Մարտի 1» հասարակական կազմակերպություն էին հիմնել, որի նախագահը Ալլա Հովհաննիսյանն էր՝ Տիգրան Խաչատրյանի մայրը, որն այժմ արտերկրում է ապրում։ Այս հանգամանքն է պատճառը, որ ՀԿ-ն տեւական ժամանակ է՝ չի գործում։ Հնարավո՞ր է, որ նոր զարգացումներով պայմանավորված՝ ՀԿ-ն վերսկսի ակտիվ գործունեություն ծավալել։ «Մենք այնպես չէ, որ պասիվ ենք, միշտ էլ ակտիվ ենք եղել։ Ունենք պրոֆեսիոնալ փաստաբան՝ Վահե Գրիգորյանը, որը մանրամասն ներկայացրեց հարուցված գործի նրբությունները, իսկ Քոչարյանի փաստաբանների հայտարարությունները ես այպես կմեկնաբանեմ՝ իրենք ընդամենը ընկե են փողի ետեւից, չեն կարողանալու պաշտպանել նրան։ Ավելին ասեմ՝ Քոչարյանի ձերբակալության լուրն առնելով մենք՝ մարտի 1-ի զոհերի հարազատներով, իրար աչքալուսանք են տվել»։

Նկատեցին, թե գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը նույնպես հասարակական որոշ շրջանակներ կապում են մարտի 1-ի սպանդի հետ, նույնիսկ պնդումներ անում, թե «Նիկոլը մարդկանց տարավ գնդակի բերան»։ «Պրիչյո՞մ ստեղ Նիկոլ Փաշինյանը, կբացատրե՞ք․․․Մենք օրեր շարունակ հրապարակից տեղ չենք գնացել, ընտրությունները կեղծած Քոչարյանից երկրորդ փուլ ենք պահանջել, եւ հենց այդ մարդը հրաման տալով, գիշերով մարդկանց ջարդուփշուր անելով, գնակահարելով, սահմանադրական կարգը խախտելով Սերժ Սարգսյանին կարգեց նախագահ։ Այսքան բան»։ Քլոյանն ասաց նաեւ, որ ինքն ու մյուս զոհերի հարազատները անպայման մասնակցելու են Քոչարյանի դեմ հարուցված գործով տեղի ունենալիք դատական նիստերին, եւ պետք եղած դեպքում ճնշում են գործադրելու, որպեսզի արդար դատաքննություն իրականացվի։ «Համոզված եմ, որ դատավորները փոխվել են, դարձել են լրիվ ուրիշ մարդ։ Նրանք նոր իրավիճակում են գործում, եւ նրանց վրա ճնշումներ այլեւս չեն լինելու տարբեր տեղերից»։

Նշենք, որ առ այսօր բացահայտված չեն 10 զոհերի մահվան հանգամաքները։ Մասնավորապես 1979 թ․, Երեւանում ծնված Գոռ Քլոյանը մահացել էր աճուկային շրջանում հրազենային վնասվածքի հետեւանքով, արյան ուր կորստից։ Վիրահատությամբ նրա մարմնից հանվել էր մետաղի կտոր: Դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, Գոռ Քլոյանի դիակից հանված առարկան հանդիսանում է գործարանային արտադրության «Չերյոմուխա-7» տեսակի կրակված փամփուշտի կոնտեյներ՝ գազային նռնակ` իր պլաստմասե խցաններով: «Չերյոմուխա-7»-ից զոհվել է եւս երկու քաղաքացի։ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցներ կիրառվել էր 4 ոստիկանի կողմից, սակայն ՀՔԾ-ին չի հաջողվել ճշտել, թե 3 քաղաքացիներից յուրաքանչյուրին կոնկրետ որ ոստիկանն է սպանել։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X