Անճարի քաղաքապետն էլ նախկին մսավաճառ է, հետո ի՞նչ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: Այդ մասին հայտարարվեց երեկ երեկոյան՝ ՔՊ կուսակցության վարչության նիստի ավարտից հետո, որը, ինչպես եւ սպասելի էր միանշանակ չընդունվեց հանրության կողմից եւ շարունակում է մնալ սոցիալական ցանցերում ամենաքննարկվող թեման։

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն ասում է՝ վերջերս Բեյրութում էր, որտեղ հասցրել է լինել նաեւ Անճար քաղաքում, որի քաղաքապետ էր դարձել նախկինում մսավաճառ մեկը․ «Այնքան հրաշալի քաղաք էր, այնքան ոգեւորվեցի, որ ասեցի՝ այ մարդ, արի մեզ մոտ քաղաքապետ աշխատի էլի»,-ասում է ու ընդգծում, որ քաղաքապետ լինելու համար ուսյալ մարդ է պետք, ինչպես նաեւ սրտացավ ու մասնագետների կարծիքի հետ հաշվի նստող մեկը։

Երեւանի քաղաքապետի ընտրության ներկայիս կուսակցանականցված սկզբունքը Շահումյանի համար անընդունելի է․ «Ես կարծում եմ, որ Երեւանի քաղաքապետը պետք է ընտրվեր անմիջապես ժողովրդի կողմից, որովհետեւ կուսակցականացված ցանկացած թեկնածու ինչքան էլ անկախ մարդ լինի, էլի ենթարկվելու է խմբակային ազդեցությունների։ Դրա համար պետք է առանց կուսակցական նկրտումների, ճնշումների ազատ քաղաքապետ ընտրել։ Ես կողմ կլինեի այս տարբերակին, ինչպես նաեւ նրան, որ ընտրված քաղաքապետին երեւանցիների պահանջով հեռացնելու մեխանիզ մշակվեր, ինչը շատ քաղաքներում կա»։

Գեղանկարիչը կարծում է, որ հանրայնությունը վատ բան չի, եթե մարդը սիրում է քաղաքը եւ իր մեջ ունի մշակույթ իր կարծիքը մասնագետների կարծիքի հետ համաձայնեցնելու։ Հանրայնության առումով դերասան Հայկ Մարությանը մեծ մասսայականություն է վայելում ժողովրդի շրջանում, դա բավարա՞ր է․ «Ի՞նչ է եղել, թող քաղաքացիները ընտրեն եւ եթե հանկարծ իրեն չարդարացնի, նույն քաղաքացիները իրենից կհրաժարվեն, ընտրության այս տարբերակը նորմալ բան կարող էր լինել։ Եվ առաջ այդպես էր՝ ընտրվում էր քաղաքացիների կողմից, իսկ վերջին տարիներին արդեն ընտրվում է ավագանիով, ինչը ես չեմ ընդունում, քանի որ ավագանին չի կարող արտահայտել ամբողջ քաղաքի կարծիքը։ Այն դեպքում որ ավագանիները սովորաբար կուսակցականներ են լինում եւ այս կամ այն խմբակցության շահերն են պաշտպանում»։

Հայկ Մարությանի դեպքում փաստում են նաեւ, որ ամեն ինչի հասել է իր շնորհիվ եւ ինչ որ մեկի տղան կամ փեսան չէ․ «Ես համեմատություններ չեմ ուզում անել․․․ես երկար տարիներ աշխատել եմ քաղաքապետարանում եւ 15 տարի եղել եմ Երեւանի գլխավոր նկարիչը եւ գիտեմ որոշակիորեն Երեւանի պատմությունը, նրա ունեցած քաղաքապետերը։ Քաղաքը իր պահանջներով բոլոր ժամանակներում էլ նույնն է եղել, իսկ լավագույն քաղաքապետերը Երեւանում եղել են ճարտարապետներ, այդ թվում Աղաբաբյանը, Հասրաթյանը։ Բաներ կա, որ պետք է վերանայվի Երեւանի կառավարման համակարգում, պետք է ավելի շատ տեղյակ մարդիկ լինեն, որոնց պետք է ուղղակի ներգրավվել այդ գործում։ Եթե մասնագետների կարծիքը հաշվի առնվի, ցանկացած մարդ, որը կիրթ մարդ է, կարող է քաղաքը ղեկավարել, կարեւորը Երեւանը սիրող եւ սրտացավ մարդ լինի ու Երեւանը չդարձնի առ ու ծախի առարկա, ինչպես որ մինչեւ հիմա էր»։

Մեկնաբանություն
X