Քոչարյանին ավելի ճիշտ կլիներ մեղադրել բռնությամբ իշխանությունը պահելու համար. Պարգև Օհանյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքով՝ «Սահմանադրական կարգը տապալելը», Հայաստանում մինչ օրս ոչ ոք չի դատապարտվել: Չի բացառվում, որ հետագայում այս հոդվածը կփոխվի: Այս կարծիքին է նախկին դատավոր Պարգև Օհանյանը, որը 2009 թվականին, երբ փոխվում էր ՀՀ քրեական օրենսգիրքը և մտցվում էր 300.1 հոդվածը, դեմ էր այդ փոփոխությանը: «Մինչև 2009 թվականը սահմանադրական կարգը տապալելը մտնում էր իշխանությունը յուրացնելու հանցակազմի մեջ: Բայց թե ինչում է դա կայանում, կարելի էր ենթադրություններ անել:

Եթե նկատել եք, ներկայիս օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահին, ենթադրում է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, այլ կերպ ասած` նախատեսում է տարբեր արարքներ: ԸՆդ որում, չի նշված, թե արդյոք դրանք ամբողջականության մեջ պետք է նայվեն, թե դրանիցից մեկն էլ է բավարար նման որակում տալու համար: Սա չաշխատող հոդված է: Ես զարմանում եմ, որ այն մինչ օրս շրջանառության մեջ է: Դատարանը, կարծում եմ, լուրջ խնդրի առաջ է կանգնելու այն կիրառելով»,- ասում է նախկին դատավորը: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանին ավելի ճիշտ կլիներ մեղադրել բռնությամբ իշխանությունը պահելու համար:

Հիշեցնենք, որ Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով քրեական գործ է հարուցվել հենց նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: 2008 թվականի ի փետրվարի 23-ին ԱԱԾ քննչական վարչությունը քրեական գործ էր հարուցել՝ ԼՏՊ-ի և այլոց կողմից պետական իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը տապալելու փաստերով։ Բայց այդ հոդվածով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Անգամ Քոչարյանի ժամանակվա դատախազությունը հասկանում էր, որ սա ակնհայտ շինծու մեղադրանք կլիներ: Հետագայում ՀՔԾ-ն փոխեց հոդվածը, և մեղադրանքը կառուցեցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոնցեպտով:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X