Կապանի համայնքապետի ԺՊ-ն միացել է վարչապետի կնոջ կոչին․ դատարկ բնակարանները տվեք անտուններին

Կապան համայնքի երիտասարդ պաշտոնակատար, «ՔՊ»-ական Նարեկ Ղահրամանյանը մոտ 10 օր է՝ ստաձնել է պարտականությունները, սակայն կապանցիները մտավախություն ունեն, որ 27-ամյա երիտասարդը գործից գլուխ չի հանի՝ պաշտոնակատարի պատասխանատվությունը մեծ է, փորձը՝ զրոյական։ Համայնքապետարանում հույս ունեն, որ համայնքի գործերը «յոլա կտանի» համայնքի ղեկավարի տեղակալ Արգամ Գրիգորյանը, ով համայնքապետարանի հնաբնակներից է եւ փորձառու պաշտոնյա։ Ղահրամանյանն այց ընթացքում հասցրել է մի շարք որոշումներ ստորագրել, օրերս էլ ընդունել էր մի խումբ գերմանացի զբոսաշրջիկների, ովքեր պարբերաբար Հայաստան և հատկապես Սյունիք են գալիս իրենց նախնիների մասին տեղեկություններ իմանալու նպատակով։ Երիտասարդ ՔՊ-ականն, ի դեպ, միանալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչին, իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել էր Հայաստանում և արտերկրում բնակվող այն բարեսիրտ քաղաքացիներին, ովքեր Կապանում կամ հարակից այլ բնակավայրերում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին։

«Կոչս է՝ սոցիալապես անապահով ընտանիքների դեպքում գնալ զիջումների և գործարքը կազմակերպել առավել մատչելի գներով»,-նշել էր Ղահրամանյանը։ ։ Երեկ էլ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Ղահրամանյանին ներկայացրել է մարզպետ Կարեն Համբարձումյանին, Կապանի ավագանու անդամներին եւ տարածաշրջանի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներին։ «Կապան քաղաքում լուրջ գործընթացի առաջ ենք կանգնած, պիտի ունենանք նոր ընտրված քաղաքապետ և մինչև ընտրությունների կազմակերպման գործընթացը քաղաքի բնականոն հունն ապահովելու, աշխատանքների կարգավորման պատիվն ու ծանրությունը դրել ենք պարոն Նարեկ Ղահրամանյանի ուսերին։ Կարծում եմ սա մեծ պատիվ է և շատ պատասխանատու պարտավորություն՝ լինել հանրապետության ըստ իս գոնե 4-րդ քաղաքի ղեկավարը։ Վստահ եմ և լիահույս, որ պարոն Ղահրամանյանը դա կանի մեծ պատվով և մեծ բավականությամբ։ Նա մենակ չէ ՝ կառավարությունը, մարզպետը, հուսով եմ նաև համայնքապետարանի աշխատակազմը այս պատասխանատու գործում կանգնած են քաղաքապետի պաշտոնակատարի կողքին»,-ասել է ծնունդով ստեփանավանցի Պապիկյանը։

Նարեկ Ղահրամանյանն էլ նշել է, թե հենց նշանակման հաջորդ օրն է հայտարարել, որ ակնկալում է համաքաղաքացիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները Կապան հասցնելու գործում։ «Ես պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ՝ անկախ տարաձայնություններից, քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից։ Հուսամ միասին, թեկուզև կարճ ժամանակահատվածում, բայց կկարողանանք դրական փոփոխություններ բերել մեր համայնք»,- նշել է երիտասարդ ղեկավարը։ Պապիկյանն էլ, հավանաբար, փորձելով կանխել նոր պաշտոնակատարից նախկինների բաղթողումները վերացնելու, խնդիրները լուծելու կապանցիների արդարացի պահանջը՝ հորդորել է համբերություն ունենալ եւ հարգանքով լցվել։

Մեկնաբանություն
X