Այդ մարդուն հո չե՞նք կիսելու, երկուսի մեջ էլ իր մատը խառն է․ Անահիտ Բախշյան

1999թ․ հոկտեմբերի 27-ին զոհված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, տարիներ շարունակ պայքարում էր հոկտեմբերի 27-ի, իսկ այնուհետեւ նաեւ՝ Մարտի 1-ի գործը բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Նա սեփական մաշկի վրա է զգացել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք դատական համակարգի սխալները, կողմնակալությունն ու աչառու վերաբերմունքը, Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգներով առաջնորդվելը։ Այսօր, երբ իշխանափոխությունից հետո դատական, իրավապահ համակարգն ազատվել է նախկին կապանքներից, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ կալանավորված է, սոցիալական ցանցերում հաճախ է արծարծվում այն հարցը, որ Մարտի 1-ին զուգահեռ պետք է բացահայտվի նաեւ հոկտեմբերի 27-ը։ «Պետք է ամեն ինչ անենք հերթով։ Ես այս պահին չեմ պնդում հոկտեմբերի 27-ի բացահայտումը, համարում եմ, որ դեռ շուտ է։ Այս պահին Մարտի 1-ի գործն են քննում։ Այդ մարդուն (նկատի ունի Ռ․ Քոչարյանին) հո չե՞նք կիսելու Մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի միջեւ, երկուսի մեջ էլ իր մատը խառն է։ Երբ Մարտի 1-ի գործը, որը լուրջ գործ է, հորով-մորով կանեն, հետո կանցնենք հոկտեմբերի 27-ին։ Անպայման կանցնենք։ Տա Աստված։

Չմեռնեմ, տեսնեմ այն օրը, երբ Քոչարյանը դատարանում ցուցմունք կտա հոկտեմբերի 27-ի գործով։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե նախկին նախագահի փաստաբանները խրոխտ հայտարարություններ են անում, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հիմնավոր չէ, այդ մասին հայտարարում են նաեւ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները, ապա ինձ համար չափորոշիչ է ազնիվ փաստաբանի կարծիքը։ Այդպիսի կարծիք է հայտնել Նորայր Նորիկյանը։ Նա ասել է, որ դատարանի կողմից կալանքի որոշման հիմնավորումը իրավացի է, գրագետ ու ճիշտ։ Ես վստահում եմ Նորայրին։

Անկախ ամեն ինչից՝ ուզում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի քննությունը, դատը, ամեն ինչը լինի օրենքի տառին համապատասխան։ Ուզում եմ, որ նա ինքը տեսնի, թե ինչ է նշանակում օրինական դատարան եւ փորձի իր հիշողության մեջ վերականգնի այն դատավարությունները, որոնց ժամանակ իր ցուցմունքով, իր հեռախոսի զանգով, իր գռեհիկ եւ անօրինական միջամտությամբ կատարվել են դատական որոշումներ, խեղել մարդկանց ճակատագրերը։ Իսկ հիմա մենք իրեն պետք է ապացուցենք, թե ինչպես Հայաստանի Հանրապետության օրենքներով, առանց օրենքի տառը խախտելու, ինչպես են կայացնելու օրինական որոշում»,- մեզ հետ զրույցում նշեց Անահիտ Բախշյանը։

Մեկնաբանություն
X