Շատ լավ է, որ Քոչարյանի կալանավորումը ստեղծել է նախադեպ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նախ՝ որպես վկա հարցաքննության կանչելը, ապա կալանավորելը հանրային ընդգրկուն արձագանք են գտել սոցցանցերում։ Մարդիկ մեկ առ մեկ հիշում են, թե տասը տարվա ընթացքում օրենքի ակնհայտ խախտումներով ինչպես է երկրի նախկին նախագահը կալանավորել, կյանքից ու ունեցվածքից զրկել ՀՀ քաղաքացիներին, անկախ հեռուստաալիք եթերազրկել, թերթեր փակել, լրագրողներին ու ընդդիմադիր գործիչներին հալածել։ Եվ վերջապես ինչպես էր իրենից կերտել «միակ տղամարդու» կերպարը, որի դեմ ոչ ոք չի կարող դուրս գալ։ Կա հարցի մյուս կողմը եւս․ Ռոբերտ Քոչարյանը տասը տարի եղել է նախագահ, բանակցել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ։ Ի՞նչ հետեւանքներ եւ արձագանք կարող է ունենալ նրա կալանավորումը մեր երկրի կյանքում։ Չէ՞ որ անկախ Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ երկրի նախկին նախագահը կալանավորվում է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ ԱԺ նախկին փոխնախագահ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը այս առթիվ մեր հարցին արձագանքում է․ «Օրենքի առջեւ բոլորը հավասար են։ Ոչ մի տեղ գրված չէ, որ նա Ալիեւի հետ բանակցել է, ուրեմն պետք է խուսափի պատասխանատվությունից։ Մեզ համար ամենակարեւորը ժողովրդի արձագանքն է, իսկ ժողովուրդը միանշանակ ընդունում եւ աջակցում է հանցագործներին պատասխանատվության կանչելուն ուղղված բոլոր քայլերին։ Հիմա թող Ադրբեջանից էլ մի ուրիշ արձագանք գա, ի՞նչ կփոխի»։

Հարցին, թե Ադրբեջանից կաջակցե՞ն Ռոբերտ Քոչարյանին, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Ինչո՞վ պետք է աջակցեն, հանուն Ռոբերտ Քոչարյանի պետք է պատերա՞զմ հայտարարեն։ Ոչ մի բանով էլ չեն աջակցի։ Ինքը ո՛չ գործող նախագահ է, ո՛չ քաղաքական դեմք։ Շատ լավ է, որ ստեղծվել է նման նախադեպ։ Ե՛վ ներկա, եւ՛ ապագա իշխանավորները պետք է իմանան, որ եղել է այդպիսի նախադեպ, դա կլինի զսպող ուժ, որպեսզի հաշվի նստեն երկրի սահմանադրության հետ եւ երկրի ժողովրդի հետ»։ Կարապետ Ռուբինյանին հիշեցրինք, որ տասը տարի առաջ, այս օրերին Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային քրեական դատարան դիմելու համար ստորագրահավաք էր կազմակերպել այն ժամանակվա ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի։ Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի դատարանում էլ սկսվեն ինչ-որ գործընթացներ։ «Ստորագրահավաք կազմակերպվեց, բայց ոչ մի տեղ էլ չեն դիմել։ Ես չեմ հիշում, որ որեւէ ընթացք է տրվել այդ ստորագրություններին»,- ասաց Կարապետ Ռուբինյանը։

Մեկնաբանություն
X