Նորայր Նորիկյանը վերանայել է իր դիրքորոշումը

Փաստաբան Նորայր Նորիկյանը, որը նախկինում պնդում էր, որ Միքայել Հարությունյանին սխալ են մեղադրել, այսօր պնդում է․«Այո, ես առաջինն եմ դրա վերաբերյալ պարզաբանում տվել, բայց ՀՔԾ-ն մեկնաբանում է, որ 300-րդ հոդվածում կան այդ հանցագործությունը պարունակող բաղադրիչները։ Սա նեղ մասնագիտական վեճ եմ համարում։ Գտնում եմ, որ այս պահին այսպիսի մեղադրանք կարող է առաջադրվել, իսկ հետագայում, եթե կգա վերաբերելիության, թույլատրելիության կամ անթույլատրելիության, ամբողջ գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներին գնահատական տալու ժամանակը, չեմ բացառում, որ ՀՔԾ-ն ճշգրտի առաջադրված մեղադրանքի շրջանակները»։

2005 թվականին ընդունված Սահմանադրության 56.1 հոդվածով սահմանում է, որ հանրապետության նախագահն անձեռնմխելի է և իր «լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո»: Քոչարյանի պաշտպաններն այժմ կառչում են այս կետից։ «Նախագահն իր կարգավիճակից բխող գործողությունների համար օժտված է իմունիտետով: Հակառակ դեպքում ինչո՞ւ են տվել իմունիտետը»,- լրագրողների հետ գիշերային զրույցում ասել էր փաստաբան Ռուբեն Սահակյանը:

2005 թվականի սահմանադրական բարեփոխումների ժամանակ այս կետը սուր առճակատումների, դժգոհությունների տեղիք տվեց։ Քոչարյանին մեղադրում էին հետագայում քրեական հետապնդումներից երաշխավորելու համար, և երեկ այդ բարեփոխումների հեղինակներից մեկի՝ արդարադատության նախկին նախագահ Դավիթ Հարությունյանի ձայնը լսվեց․ «Նախագահի խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավոր է ապահովել երկրի անվտանգությունը, և հենց այդ լիազորություններից բխող ցանկացած գործողություն չի կարող հետագայում ենթադրել պատասխանատվություն այդ քայլերի համար։ Այն, ինչ բխում է նախագահի լիազորություններից, չի կարող պատասխանատվության ենթարկելու հիմք լինել»։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ հարց է ձևակերպում՝ արդյոք նախագահի լիազորությունների կիրառումը ինքնին տեղավորվո՞ւմ է նախագահի կարգավիճակից բխող գործողությունների մեջ, թե՝ ոչ: «Եթե, այո, ապա կստացվի, որ, օրինակ, նախագահը, որպես գերագույն հրամանատար, եթե հրաման տա զորքին կոտորել բնակչությանը, ապա որևէ պատասխանատվություն չի կարող կրել: Մինչդեռ, նույն Սահմանադրությունը սահմանում է, որ Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: Կարծում եմ ՀՔԾ-ն գնում է այս տրամաբանությամբ (այսինքն ծանր հանցագործություն համարվող արարքների համար նախկին նախագահը իմունիտետ չունի): Նույն կարգավորումները տեղ են գտել նաև 2015թ. փոփոխություններով Սահմանադրության մեջ»:

Նորայր Նորիկյանը, որն այն օրերին փողոցում էր երևանցիներից շատերի նման, հակադարձում է Դավիթ Հարությունյանին․ «Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական իմունիտետի հաղթահարումը նշանակում է, որ պետք է վարույթ իրականացնող մարմինը հիմնավորի, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կարգավիճակից չբխող գործողություններ է իրականացրել։ Նրա կարգավիճակից բխող գործողությունները սահմանված են 55-րդ հոդվածով։ Դրա 14-րդ կետը սահմանում է, որ ՀՀ նախագահը՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով ԱԺ նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն և իրականացնում է այդ իրավիճակից բխող գործողություններ։ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվել է մարտի 1-ի երեկոյան։ Ենթադրենք, առկա էր, ըստ Քոչարյանի, սահմանադրական կարգին սպառնացող վտանգ։ Հարց է առաջանում՝ լավ, մարտի մեկի երեկոյան, երբ նա ստացավ օպերատիվ տեղեկություն, որ 10 քաղաքացի է զոհվել, և քանի որ չկար արտակարգ դրություն հայտարարելու մասին իրավական ռեժիմի մասին օրենքը, համարենք, որ նա իրականացրել է հայեցողական լիազորությունը և խորհրդակցելով ԱԺ-ի հետ՝ հայտարարել է արտակարգ դրություն։ Բայց նրան դրա համար չեն մեղադրում։ Նրան մեղադրում են փետրվարի 23-ին 00.38 գաղտնի հրաման արձակելու, պաշտպանության նախարարին հատուկ հրաման տալու համար։ Այդ հրամանում գրված է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրները իրականացնելու նպատակով կազմավորել Երևանի կայազոր, զինված ուժերը օգտագործել Երևանում ծավալվող քաղաքական գործընթացներում։ Հո պատմությունը չե՞նք կարող նենգափոխել։ Փետրվարի 23-ին Լևոն Տեր-Պետրոսյանին սիրենք, թե չսիրենք, ընդունենք, թե չընդունենք՝ այդ մարդը բոլորին հավաքել էր Օպերայում, պարացնում էր։ Հարգելի պարոն Քոչարյան, փետրվարի 23-ին սահմանադրական կարգին սպառնացող այդ ինչ վտանգ կար ՀՀ-ում, որ դու կանչել ես զինուժի հրամկազմին ու հրահանգ ես տվել»։

Վերլուծելով 00.38 հրամանը, Նորիկյանն արձանագրում է, որ ՀՀ նախագահը կարող է հայտարարել ռազմական դրություն և որոշում կայացնել զինված ուժերի օգտագործման մասին բացառությամբ այն դեպքերում, երբ Հայաստանի վրա արտաքին հարձակում է եղել։ Քանի դեռ Քոչարյանը չի հայտարարել ռազմական դրություն, նա իրավունք չուներ զինուժի օգտագործման վերաբերյալ որոշում կայացնելու։ «Հետևաբար, Դուք գերազանցել եք ձեր լիազորությունները, հետևաբար դուք տապալել եք սահմանադրական կարգը, կատարել եք քրեական օրենքով արգելված արարք, հետևաբար, դուք ենթակա եք քրեական հետապնդման, հետևաբար ձեր սահմանադրական իմունիտետը հաղթահարված է ձեր իսկ կողմից կատարված արարքների կապակցությամբ», - ասում է փաստաբանը։

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X