Մենք դեռ չգիտենք, թե Մարտի 1-ին քանի մարդ է բռնության ենթարկվել ու գնացել՝ իր տանը մահացել

Մարտի 1-ի գործով նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը, որը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին մի շարք գործերով փաստաբան է եղել, կողմ է վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառմանը։

«Մինչեւ այս պահն էլ իմ տեսակետը սա է եղել, որ խափանման միջոցները կամ առաջադրվելիք մեղադրանքները համահունչ լինեն անձանց կատարած արարքներին։ Ես չգիտեմ՝ դատարանն ինչ կորոշի, կգնա ծայրահեղ խափանման միջոցի ընտրության, թե ոչ, բայց, որպես փաստահավաք խմբի անդամ եւ Մարտի 1-ի գործով մի շարք քաղբանտարկյալների տասնյակ գործերով դատաքննության մասնակցած փաստաբան, ով Մարտի 1-ին վերաբերող բազմաթիվ փաստերի հետ է առնչվել, կարծում եմ, որ կալանքը պետք է ընտրվի։ Դա կբխի նաեւ նախաքննության շահերից»,- ասաց Սաֆարյանը։ Նա ծանոթ էր «Երկիր մեդիա»-ի եթերում Քոչարյանի հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես, որ իր հանդեպ վենդետա է իրականացվում, եւ իր նկատմամբ հետապնդումը 37 թիվն է հիշեցնում։

«Ես զարմացած եմ Քոչարյանի՝ իրադրությունը գնահատելու եւ վեր հանելու պարզունակության վրա։ Ինձ մոտ տպավորություն է, որ ազգի համար շոկային իրավիճակն իր համար ընկալելի չի եղել։ 2009-ից մենք զեկույցներ ենք ներկայացրել եւ, արձանագրելով ամեն մի փաստ, ասել ենք, որ այս ամենն անելու իրավունք չունեիք, բայց արել ենք, որպեսզի ներքաղաքական զարգացումներն ի օգուտ ձեր իշխանության լինեն։ Որովհետեւ դուք ունեցել եք խնդիրներ այդ երկրում ձեր ունեցվածքը պահելու եւ հազար ու մի այլ պատճառներ․․․ չեմ ուզում խորանալ։ Վենդետայի մասին խոսք լինել չի կարող, բոլորս էլ, սկսած 2008-ից, միշտ նույն բանն ենք ասել՝ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի շարունակությունն է եղել, եւ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է, մենք էլ սկսել ենք նոր-նոր մեր կարծիքները փոխել եւ հակառակն ասել։ Ինչ վերաբերում է 37 թվի հետ համեմատականներին, ապա ասեմ, որ 37 թիվն իր իշխանավարման տարիներին էր, երբ 2004-ին Արամազդ Զաքարյանին («Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ) կալանավորեցին եւ ԱԱԾ մեկուսարանում պահեցին միայն այն բանի համար, որ նա Քոչարյանին ասել էր՝ «անշունչ առարկայի նման ես քեզ պահում»։ Իսկ Վաղարշակ Հարությունյանին (ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ) կալանավորեցին այն բանի համար, թե իբր բարոյապես ճնշել է ՀՀ նախագահին։ Ես գոնե, որպես այդ գործերով մասնակցած փաստաբան, հո գիտե՞մ, թե այդ 37 թվի շունչն ում իշխանության օրոք է ավելի շատ փչել, ում իշխանավարության տարիներին է, որ ժողովրդավարությունը չի կարողացել գլուխը բարձրացնել, եւ մեր երկիրը հետընթաց է արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության առումով, հո գիտեմ, թե ինչպիսի ռեպրեսիոն իրավիճակ է եղել։

Խնդիրն այն է, որ իրենց պաշտոնավարման տարիներին խոսք լինել չէր կարող պատասխանատվության ենթարկվելու մասին, իրենք էին թագավորն ամեն ինչի, այժմ էլ իրենց աճեցրած դատական համակարգն իրենց նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրի։ Խնդիրն այն է, որ ՀՀ նախագահը պետք է երաշխավորը լիներ սահմանադրական կարգի պահպանման, իսկ Քոչարյանը մի՞թե չի հասկացել, որ չի եղել այդ երաշխավորը, եւ այսպիսի բաներ են տեղի ունեցել։ Հիմա ի՞նչ անտեղյակություն է խաղում․ տեղյակ, թե անտեղյակ՝ երկու դեպքում էլ ինքը պատասխանատվության խնդիր է ունենալու»,- նշեց Սաֆարյանը։ Նկատեցինք, որ GPartners իրավաբանական ընկերությունը մի շարք հրավիրված գործընկերների մասնակցությամբ կատարել է համապարփակ հետազոտություն եւ լույս սփռել մի շարք հարցերի վրա, եզրակացրել, որ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրը, հրամանագրով կիրառված միջոցառումները, ինչպես նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ինստիտուցիոնալ լուծումներն ամբողջությամբ համապատասխանել են ներպետական օրենսդրությանը եւ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

«Խորհուրդ կտայի վերստին ծանոթանալ 2008 թ․ փետրվարի 29-ին ԵՊՀ-ում Քոչարյանի արած սպառնալից հայտարարություններին՝ հրապարակը «մաքրելու» վերաբերյալ, մոտավորապես այսպես՝ եթե ցուցարարները փողոցից տուն չգնան, շատ վատ բաներ կլինեն, եւ թող իրեն դրանում չմեղադրեն։ Որպեսզի նրանք հասկանան, թե ինչ է արել Քոչարյանը, նրանցից մեկը կամ երկուսը պիտի լինեին այն մարդկանց շարքում, որոնց Մարտի 1-ի առավոտյան լցրել էին բեռնատար մեքենան ու տարել, տառացիորեն թափել էին ոստիկանության բաժանմունքներում։ Նրանք պետք է այդ մարդկանց վիճակը տեսած լինեին եւ շատ այլ փաստերի առնչված լինեին… Քոչարյանի խոսքում թե՛ իր պաշտոնավարման շրջանում, թե՛ անցած 10 տարիների ընթացքում ափսոսանքի հատիկ չի եղել, նա միշտ պնդել է, որ ինչ արել է, լավ է արել, ճիշտ է արել, ու էդպես էլ պիտի արվեր»։

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Փաստահավաք խումբն է Քոչարյանի քայլերի հակաօրինական լինելը «մեխել» հանրության գիտակցության մեջ, ապա, Սաֆարյանի խոսքով, «ժողովրդի գլխին շատ ավելին է մեխված․ նա բառացիորեն մեխը խփել է ժողովրդի գլխին, երբ որ այդքան մարդ է զոհվել… եւ դեռ վերջնականապես հայտնի չէ, թե քանի մարդ է ծեծվել, բռնության ենթարկվել ու գնացել իր տանը մահացել, եւ դեռ չգիտենք, թե ոստիկանությունում քանի մարդ է ծանր վնասվածքներ ստացել ու հաշմանդամ մնացել, եւ դեռ չգիտենք, թե էլ որտեղից եւ ինչ ուժեր են բերվել քաղաքացիներին ծեծի ենթարկելու համար։ Ծեծի ենթարկվածների մեջ կան մարդիկ, ովքեր պնդում են, թե իրենց ծեծողները ոստիկանները չեն եղել, այլ Ղարաբաղի բարբառով խոսող անձինք։ Այնպես որ՝ ՀՔԾ-ի կողմից համակողմանի քննության արդյունքում կարող են տասնյակ, հարյուրավոր ուրիշ փաստեր ի հայտ գալ, որոնք հաստատ ի օգուտ Քոչարյանի չեն լինելու, եւ բացի այդ՝ կարող են շատ ավելի խորքային շերտեր բացահայտվել, եւ կգնանք կհասնենք չգիտեմ ուր»։

Մեկնաբանություն
X