Ի՞նչ կախում ունի ՊԵԿ-ը «Նորֆոլկից»

ՊԵԿ-ը ժամանակին «Նորֆոլկը» ստեղծեց, հետո որոշեց «Նորֆոլկի» քոքը կտրել, հիմա էլ առանց «Նորֆոլկի», պարզվում է, կյանք չունի։ ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանի խոսքերից իսկապես կարելի է ենթադրել, որ Պետեկամուտների կոմիտեն, հատկապես մաքսային բլոկն ուղղակի կպարալիզացվի, եթե հատուկ մաքսազերծումների նպատակով ստեղծված «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունը դադարի աշխատել։

Հիշեցնենք, որ այս ընկերության տնօրեն Արմեն Ունանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, որովհետեւ «խոշոր չափի հարկեր թաքցնելու հանցավոր սխեմա» էին հայտնաբերել, հետո Ունանյանին պարտավորեցրին 7 մլն դոլար վճարել բյուջե եւ ազատ արձակեցին։ Ունանյանն այդ 7 միլիոնից մոտ 2 միլիոնն արդեն մուծել է, 5 միլիոնը դեռ պետք է մուծի։ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ հիմա ժամանակավոր «Նորֆոլկ քոնսալթինգը» կմնա եւ կիրականացնի իր գործառույթները, մինչեւ տեսնեն, թե ինչ լուծում են գտնում սրան, հնարավոր է նոր ընկերություն ստեղծվի՝ պետական մասնակցությամբ, որը եւ իր վրա կվերցնի մաքսազերծումների ողջ գործընթացը։ Բայց ՊԵԿ-ում կարծես թե փոշմանել են եւ մտադիր չեն որեւէ ընկերություն ստեղծել։ «Ոչ մի ընկերություն էլ չի լինելու, թող բոլոր անձինք գնան իրենց մաքսազերծումն իրականացնեն ինքնուրույն»,- խրոխտ հայտարարեց Անանյանը։

Նա նաեւ հավելեց, որ այս պահին ստուգումները կասեցրել են «Նորֆոլկում», որ այն դեռեւս մի քիչ օգնի մեր ազգաբնակչությանը, իսկ իրականում՝ ՊԵԿ-ին, քանզի առանց դրա ՊԵԿ-ն ուղղակի չի կարողանա մաքսազերծման գործընթացն իր ուսերին կրել։ Իսկ կկարողանա՞ն ներկրողներն ինքնուրույն կատարել իրենց մաքսազերծումները՝ առանց միջնորդ ընկերության, այս դեպքում՝ «Նորֆոլկի», ուղիղ ձեւով՝ հենց ՊԵԿ-ի հետ։ «Եթե չեն կարող, պետք է սովորեն։ Ես, օրինակ, «Նորֆոլկի» իրավահաջորդ չէի էլ ուզենա ընդհանրապես ունենալ։ Բայց դրա գինն այն է, որ մեր շրջանառության ոլորտում գործող եւ հիմնականում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց մենք տանում ենք դեպի մշուշոտ ապագա։ Դրա գինը դա է»,- անկեղծացավ ՊԵԿ նախագահը։

Փաստորեն, պետությունն այս պահին «Նորֆոլկից» կախո՞ւմ ունի, քանզի կարծես թե առանց «Նորֆոլկի» չի կարողանում յոլա գնալ։ Անանյանը չհերքեց, բայց նաեւ ամբողջությամբ չհամաձայնեց․ «Որպեսզի կոնսենսուսի գանք, ոչ թե «Նորֆոլկից», այլ «Նորֆոլկի» գործառույթից կախում ունի»։ Կարո՞ղ է փոշմանել եք, որ «Նորֆոլկի» հետ այդպես վարվեցիք։ «Իհարկե, ոչ։ Եկեք համարենք, որ դա շատ լավ կատակ էր»,- դրական նոտայով եզրափակեց Դավիթ Անանյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X