Քոչարյանին «ուրացողներն» ու նրան «դուխով» պաշտպանողները

Ռոբերտ Քոչարյանին ժամանակին «սեր խոստովանած» ու այժմ դեռ նրա հանդեպ զգացմունքներ ունեցող քաղաքական ուժերն այսօր չեն շտապում Քոչարյանին հանցագործ «հանել» ու նրան մեղադրյալի աթոռին նստեցնել։ Ավելին, ոմանք անհույս փորձեր են անում արդարադատությանը «դարձի բերելու» եւ իրավական գործընթացները քաղաքական հետապնդումների չվերածելու ուղղությամբ։ Քոչարյանական թվերին Քոչարյանի արբանյակները համարվող ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր «ո՛չ շիշը, ո՛չ քյաբաբը» մոտեցմամբ հայտարարություններ արեցին Ռոբերտ Քոչարյանին Մարտի մեկի գործով որպես մեղադրյալ ներգրավելու ՀՔԾ-ի որոշման, ապա նաեւ կալանավորման միջնորդության վերաբերյալ։ Նրանք, որպես Քոչարյանին դատելու եկած նոր իշխանության մաս կազմող ուժեր, ոչ այն է՝ կարող են իրենց թույլ տալ եւ պաշտպանել Քոչարյանին, քանզի ժողովուրդն իրենց էլ հետը կգամի անարգանքի սյունին, ոչ այն է՝ կարող են լրիվ մոռանալ իրենց երբեմնի քաղաքական տանիքին ու ուրանալ իրենց համար ճանապարհ հարթած հոգեհորը։

Դաշնակցությունից երեկ ոչ մի կերպ չցանկացան մեկնաբանություն տալ, փոխարենը հայտարարություն տարածեցին, որի ամենակարեւոր հատվածը թերեւս սա է․ «Այս առումով Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է եւ կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»։ Իսկ սկզբում ողջունում էին բացահայտումները։ Ի տարբերություն ՀՅԴ-ի՝ նրա երբեմնի կոալիցիոն գործընկեր եւ Քոչարյանի հետ վերջին շրջանում ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունեցող ՀՀԿ-ն ավելի համարձակ գտնվեց իր ձեւակերպումներում՝ նշելով․ «Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։ Քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործը եւ առաջադրված մեղադրանքը վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականությունը»։

ՀՀԿ-ի այս գնահատականները մեզ հետ զրույցում լրացրեց նաեւ ՀՀԿ-ի իրավական «ուղեղ» Դավիթ Հարությունյանը։ Նա իրավական առումով խնդիրներ մատնանշեց ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության ու քայլերի մեջ՝ նշելով, որ ինքն այստեղ իրավական մոտեցում չի տեսնում, որ իրավական գնահատական տա։ Բայց նա համաձայն է Քոչարյանի այն ձեւակերպման հետ, թե իր հանդեպ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը «ռումբ է պետականության տակ» դրված․ «Եթե մենք դա դիտարկում ենք 56.1 հոդվածի լույսի ներքո, ապա ես արդեն ասացի, որ դա ոչ թե անձին պաշտպանող հոդված է, այլ պետականության կայացման եւ հզորացման հոդված է, եւ եթե մենք գնում ենք այդ հոդվածի խախտմանը, ապա՝ բնականաբար»։ Սահմանադրության 56.1 հոդվածով հստակ սահմանված է, որ ՀՀ նախագահը չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող, իր լիազորությունների իրականացման ընթացքում, իսկ իր լիազորությունների ավարտից հետո չի կարող պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

Հարությունյանն այս ամենի տակ շատ բան է տեսնում, այդ թվում՝ քաղաքական ենթատեքստ, իսկ ոմանք էլ 37 թվի հետ են համեմատում այս օրերին Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ «Ես ասեմ․ 37 թվի համեմատությունն արվում է, որովհետեւ… ես չեմ տեսել մեղադրանք առաջադրելու որոշումը։ Ես ընդամենը կարողանում եմ դատել այն տեքստի հիման վրա, ինչ եղել է մամլո հաղորդագրության մեջ։ Այդ ձեւակերպումներն իրավական տարրեր, ըստ իս, չեն պարունակում։ Իսկ 37 թիվը եւս հայտնի է եղել նրանով, որ իրավական ձեւակերպումներ պետք չէին, նրանք ավելի շատ ածականներ էին, բայց ոչ իրավական ձեւակերպումներ»։

Ամենահետաքրքիր պահվածքը ցուցաբերեց ԲՀԿ-ն, որի հանդեպ եւս օդում սավառնող մեղադրանքներ կան Մարտի մեկի մասով, եւ որին ծնունդ է տվել ինքը՝ Քոչարյանը։ ԲՀԿ-ից ուղղակի «թռան» ու հրաժարվեցին իրենց հոգեւոր հորից։ «Ես չգիտեմ՝ ձեզ որտեղից է այդ փաստը, որ Ռոբերտ Քոչարյանն է ստեղծել ԲՀԿ-ն, ասեկոսեների մակարդակով մենք էլ ենք լսել նման բաներ, բայց երբեւէ համոզված չենք եղել դրանում, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը որեւէ կերպ չի առնչվում ԲՀԿ-ի հետ։ Առնվազն ես՝ որպես հիմնադիր անդամներից մեկը, երբեւէ Ռոբերտ Քոչարյանին չեմ հանդիպել»,- մեզ միամիտի տեղ դրեց Սերգեյ Բագրատյանը։ Խոսվում էր նաեւ, որ Ծառուկյանն ու Քոչարյանն ընդհանուր բիզնեսներ ունեն, Բագրատյանը, պարզվեց, տեղյակ չէ դրանից։ Ինչ վերաբերում է Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, նա ընդհանրական գնահատական տվեց․ «Օրենքի առջեւ բոլորը հավասար են, հետեւաբար, նախկին զբաղեցրած պաշտոնը, ներկա զբաղեցրած պաշտոնը որեւէ մեկին իրավունք չի տալիս օրենքից վեր դասվելու»։ Իսկ Մարտի 1-ից հետո իշխանության հետ կոալիցիա կազմած ԲՀԿ-ի պատասխանատվության մասով էլ ասաց․ «ԲՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այնքանով, որքանով Մարտի մեկի պատասխանատվությունը գործող իշխանության վրա է։ Կոալիցիոն որեւէ գործընկեր, կարճ ժամանակահատվածում համագործակցելով իշխանության հետ եւ չստանձնելով որեւէ պատասխանատվություն, այս պահին էլ նույնիսկ, եթե գիտեք, կառավարությունը համաձայն չէ պատասխանատվությունը կիսել մյուս քաղաքական ուժերի հետ, իր ծրագիրն է իրականացնում, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն է իրականացրել»։

ԲՀԿ մեկ այլ անդամ՝ Միքայել Մելքումյանն էլ այս առնչությամբ ասաց․ «Իսկ դուք ի՞նչ եք կարծում, էդ կոալիցիոն կառավարության բովանդակությունն էնպիսին է եղել, որ կոալիցիայում նստել քննարկե՞լ են, թե ոնց պետք է իրականացնեն։ Իհարկե, ոչ»։

Այսինքն՝ մեկ անձի՞ վրա է եղել այդ ողջ քաղաքական պատասխանատվությունը, Մելքումյանը սկսեց մանեւրել․ «Ես չեմ անձնավորում, եղել է համակարգ։ Հայաստանի քաղաքական իշխանության բովանդակությունն ինչպիսին է եղել, բոլորս գիտենք, չէ՞։ Մեկ անձ է եղել, թե մեկուկես կամ երկու անձ է եղել, մենք բոլորս գիտենք ինչպիսին է եղել։ Կա համակարգի էություն, նորից եմ կրկնում, որի անունը դրված է եղել քաղաքական որոշում։ Որտե՞ղ էին կայացվում քաղաքական որոշումները»։

Մեկնաբանություն
X