Արձակուրդ

Սիրելի ընթերցող, այսօրվանից «Հրապարակ» օրաթերթը կարճաժամկետ արձակուրդ է մեկնում։ Մենք կվերադառնանք օգոստոսի 14-ին։ Չնայած հասկանալի է, որ մեզ ոչ միայն թեժ աշուն է սպասվում, այլեւ ամառվա վերջին ամիսն է թեժ լինելու, եւ մեր երկրում ծավալվող իրադարձությունները բոլորովին էլ արձակուրդային չեն, բայց ներողամիտ եղեք մեր հոգնած աշխատակազմի հանդեպ։ Մեր լրագրողները ծանր տարի եւ առավել ծանր գարուն են ունեցել, եւ մեր կոլեկտիվն այնքան մեծ չէ, որ հերթով գնանք արձակուրդ, ուստի որոշեցինք ավանդույթը չխախտել ու 2 շաբաթ հանգստանալ։

Դուք մեզնից կհանգստանաք, մենք՝ աշխատանքից։ Մեզնից բողոքողները, հատկապես նոր իշխանությունները, կստուգեն, թե որքանով է ավելի լավը մեդիադաշտն ու երկիրն առանց «Հրապարակի», ինչքանով ենք մենք խանգարում իրենց «աշխատանքին», եւ մեր բացակայությունն ինչով է նպաստելու կառավարության շռնդալից հաջողություններին։ Մեր թերթին ամեն օր սպասող ընթերցողին էլ կստիպենք մի քիչ «կարոտել» մեզ եւ սպասել մեր վերադարձին։ Երբեմն պաուզաներն օգտակար են ու անհրաժեշտ՝ կողքից իրադարձություններին թարմ աչքով նայելու, նոր գաղափարներ գեներացնելու, սեփական սխալներդ ու վրիպումներդ հասկանալու համար։

Մենք, ի տարբերություն իշխանավորների, բոլորովին չենք հավակնում վերջին ճշմարտությունն ասողի կարգավիճակին։ Եվ գիտենք, որ մարդն ինչքան ապրում է՝ սովորում է, մարդը սխալական է, եւ մամուլի թիվ մեկ առաքելությունը բժշկի-սանիտարի առաքելությունն է՝ հետեւել ու նպաստել հիվանդությունների, ախտերի հայտնաբերման ու բուժմանը։ Այս ընթացքում, սակայն, անխափան կաշխատի մեր կայքը՝ hraparak.am-ը։ Կփորձի հետեւել դեպքերի ընթացքին, հետ չմնալ մյուս լրատվամիջոցներից եւ լուսաբանել կարեւոր իրադարձությունները։ Մինչ հանդիպում։

Մեկնաբանություն
X