Դեռեւս 1994թ․ եմ զգուշացրել Ռոբերտ Քոչարյանին, հետապնդվել, հալածվել

Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով որպես վկա ներգրավելը, հարցաքննությունը, այնուհետեւ նրան որպես մեղադրյալ ներգրավելը, նրան մեղադրանք առաջադրելը ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, ներքաղաքական կյանքում յուրօրինակ լյուստրացիայի նախադեպ է դառնում։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանավորումը։

Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչ Վահան Բադասյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, նշում է, որ ինքը պարբերաբար հանդես է եկել, խոսել տարբեր պաշտոնյաների ապօրինի հարստացման, պաշտոնեական դիրքի չարաշահման մասին։ «Նայեցի Քոչարյանի հարցազրույցը։ Ես էլ եմ դեմ, որ ձերբակալվի Արցախի նախագահը, որը հետագայում դարձավ ՀՀ երկրորդ նախագահ։ Դուք պատկերացնո՞ւմ եք մեր զինվորի վիճակը, որը մտնում է զորամաս, նայում ազգային հերոսների նկարները, որոնց մեջ են Ռոբերտ Քոչարյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Զորի Բալայանը, Սամվել Կարապետյան։ Այդ մարդկանց անունները վերջերս շոշափվել են տարբեր չարաշահումների, հակաժողովրդական գործունեության համատեքստում։ Ցավոք սրտի, հերոսի կերպարը կորել է, մնացել են Մոնթե Մելքոնյանը եւ մի քանի հոգի, որոնք այլեւս չկան։ Գոնե ես այս հարցերի մասին զգուշացրել եմ Ռոբերտ Քոչարյանին դեռեւս 1994թ․։ Զգուշացրել եմ, թե ինչ քայլեր չպետք է անի նա, պայքարել եմ, բազմիցս հետապնդվել եմ, հալածվել եմ դրա համար Արցախում։ Ցավոք սրտի, իրենք շարունակել են չարաշահել իրենց պաշտոնեական դիրքը, կարծում եմ, որ հերթը պետք է հասնի բոլորին։

Փաստ է, որ ՀՀ առաջին նախագահն է այս ամենի հեղինակը։ Մարտի 1-ը միակը չէ, կան տնտեսական ոչ պակաս ծանր հանցագործություններ, որոնք կատարվել են 30 տարիների ընթացքում։ Եվ դրանց համար միայն ՀՀ երկրորդ նախագահը չէ մեղավոր։ Առաջին նախագահի օրոք քանդվեցին Հայաստանի գործարաններն ու թալանվեցին, վաճառվեցին։ Ո՞վ է երկրորդ նախագահի հովանավորը եւ ծնողը․ նա առաջին նախագահն է։ Արցախի առաջին նախագահը եղել է Արթուր Մկրտչյանը, հետո՝ Ռոբերտ Քոչարյանը, չնայած իրեն ներկայացնում էր որպես առաջին նախագահ։ Պետք է քննել, թե մինչեւ Մարտի 1-ը տնտեսական ինչ հանցագործություններ են եղել, ինչպես է կարողացել Ռոբերտ Քոչարյանը երկրի բյուջեից քառապատիկ ավել հարստության տիրանալ։ Ինչպե՞ս։ Ես այդ մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Ես կուզենայի, որ չլինեին այդ հանցագործությունները, կուզենայի, որ ՀՀ երեք նախագահներն ապրեին հանգիստ, մեր երկիրը չտանեին ցնցումների, թալան ու հանցագործություններ չլինեին։ Ընդհանրապես տնտեսական հանցագործությունների համար, համոզված եմ, բոլորն են պատասխան տալու՝ թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահները։ Տեսեք, ինչի՞ համար են նրանց կոչումներ տվել։ Նրանք ազգի, ժողովրդի հերոսները չեն, նրանք համակարգի հերոսներն են, իրենց ստեղծած համակարգի հերոսներն են։ Եվ մենք լավ գիտենք, թե որ արարքների համար են նրանք ստացել այդ կոչումները։ Իսկ Մարտի 1-ի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները»,- ասաց Վահան Բադասյանը։

Մեկնաբանություն
X