Կսկսվի Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթացը

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործով երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը: ՀՔԾ հաղորդագրությունում ասված է, որ մեղադրանքը առաջադրվել է նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանից, որը 1996-99թթ․ եղել է ՀԱՊԿ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչը, հետաքրքրվեցինք, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելն ու կալանքը որպես խափանման միջոց ընտրելը ինչ հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի համար։ «Հայաստանի հերթն էր ունենալ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար։ Անկախ պետությունը ֆորմալ ներկայացնում է նրա թեկնածությունը եւ ֆորմալ բոլոր երկրների ղեկավարները քվեարկում են։ Նախկին ղեկավարները ներկայացրել էին Յուրի Խաչատուրովին։ Հիմա, քանի որ Յուրի Խաչատուրովին ներկայացված է մեղադրանք, կսկսվի որոշակի գործընթաց։ Հայաստանն է իրեն առաջադրել, Հայաստանն էլ կարող է հետ կանչել Խաչատուրովին։ Եթե չեմ սխալվում, գագաթնաժողովի ժամանակ պետք է քննարկվի այդ հարցը։ Ամեն ինչ Հայաստանի ձեռքում է, քանի որ Հայաստանն է իրեն առաջադրել։ Եթե Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվի կալանքը որպես խափանման միջոց, ապա ինքը չի կարողանալու իրականացնել իր գործառույթները։

Բնականաբար, սկսվելու է նրա հետ կանչման գործընթացը։ Նախկին իշխանություններն են իրեն ուղարկել ՀԱՊԿ։ Եթե պարզվում է, որ Խաչատուրովը մեղադրվում է հանցագործության համար, նոր իշխանությունները, դեռ դատը չավարտած, իրավունք ունեն սկսել հետ կանչման գործընթացը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։ Հետաքրքրվեցինք, թե Հայաստանը կարո՞ղ է նոր թեկնածու առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե՞ այլ երկիր է ներկայացնելու։ «Մեր հերթն է։ Մենք կարող ենք նոր մարդու առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց պետք չէ մոռանալ, որ նման դեպքերը կանոնակարգված չեն։ Այսպիսի դեպք, երբ պետությունը ժամանակից շուտ հետ կանչի իր ներկայացուցչին, համոզված եմ, որ նախատեսված չէ կանոնադրությամբ։ Եթե չեմ սխալվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը երեք տարի է, եւ Հայաստանին նոր ներկայացուցիչ նշանակելու հնարավորություն կընձեռեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ 2017թ․ ապրիլի 14-ին Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ մայիսի 2-ից Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ 2016թ․ Յուրի Խաչատուրովը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ մինչ այդ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր։ 2008թ․ մարտիմեկյան դեպքերի ժամանակ Յուրի Խաչատուրովը զբաղեցնում էր Երեւանի կայազորի պետի պաշտոնը։

Մեկնաբանություն
X