Մարտի մեկի պատասխանատվությունը գործող իշխանության վրա է․ ԲՀԿ-ական պատգամավոր

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, այսօր լրագրողների հետ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը Մարտի մեկի գործով, հայտարարեց, որ օրենքի առջև բոլորը հավասար են, և որևէ նախկին կամ ներկա զբաղեցրած պաշտոնները որևէ անձի հնարավորություն չեն տալիս օրենքից վեր դասվելու։ Սրանով Բագրատյանն ակնարկում է, որ որևէ մեկը, այդ թվում՝ քննիչներն ու քննվողները, օրենքի շրջանակներից դուրս չպիտի գան։

Hraparak.am-ի դիտարկմանը, թե արդեն իսկ կարծիքներ կան, որ օրենքի շրջանակներից դուրս գործըթնաց է, սա ավելի շատ վենդետա է, շինծու գործ է և այլն, Բարգատյանն ասաց․ «Կարծում եմ, որ այս պահին քաղաքականացնելու հիմքեր չկան։ Կարևորը, որ հրապարակային են անում քննությունը, և իրավապահներն իրենց գործողություններում չպետք է գերազանցեն իրենց լիազորությունները, որովհետև կյանքը ապացուցեց, որ ոչինչ հավերժ չէ։ Այսինքն՝ այն իրավապահերը, որոնք ժամանակին կոծկել են որևէ գործողություն, այսօր պատասխան են տալու, և այսօրվա քննիչներն էլ վաղն են պատասխան տալու։ Բոլոր կոծկողները պետք է պատասպան տան»։

Մեր դիտարկմանը, թե դա կարո՞ղ է մինչև Սերժ Սարգսյան հասնել, Բագրատյանն ասաց՝ ով ուզում է լինի, պետք է պատասխան տա, որովհետև տասը հայ մարդու ողբերգությունը մենք պետք է պատկերացնենք խորությամբ։ Ինչ վերաբերում է նրան, թե Մարտի մեկից հետո իշխանության հետ կոալիցիա կազմեց ԲՀԿ-ն, արդյոք ԲՀԿ-ն ևս պատասխանատվություն չի՞ կրում այս գործով, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց․ «ԲՀԿ-ն պատասխանատվություն չի կրում այնքանով, որքանով Մարտի մեկ պատասխանատվությունը գործող իշխանության վրա է։ Կոալիցիոն որևէ գործընկեր, կարճ ժամանակահատվածում համագործակցելով իշխանության հետ և չստանձնելով որևէ պատասխանատվություն, այս պահին էլ նույնիսկ, եթե գիտեք, կառավարությունը համաձայն չէ պատասխանատվությունը կիսել մյուս քաղաքական ուժերի հետ։ Իր ծրագիրն է իրականացնում, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն է իրականացրել»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X