ՊԵԿ-ը մաքսազերծումների հարցում բարդ երկընտրանքի առաջ է

Պետեկամուտների կոմիտեից դժգոհում են ոչ միայն հարկային, այլեւ մաքսային մարմնի հետ առնչվողները։ Մասնավորապես, դժգոհություններ կան մաքսազերծման հետ կապված, երբ քաղաքացիները Վրաստանից կամ Ռուսաստանից վերադառնալիս իրենց անձնական կամ նոր գնված, բայց կենցաղում օգտագործելու նպատակով ներմուծվող իրերը ստիպված են լինում մաքսազերծել, այն էլ՝ բարձր գներով։ Օրինակ՝ երեկ համացանցում մի տեսանյութ տարածվեց, թե ինչպես է մի քաղաքացի Բագրատաշենի մաքսատան դիմաց հրապարակավ ջարդուփշուր անում իր գնած լվացքի մեքենան, որի համար 100 դոլարի չափով մաքսազերծման գումար էին պահանջել մաքսավորները։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ այս առնչությամբ ասաց․ «Մենք պարզաբանում ենք տարածել այդ կապակցությամբ, որ տվյալ անձը, անուն-ազգանունն էլ է բացահայտված, նրա վարքագիծն էլ է նկարագրված, որ 2010 թվականից մինչեւ 2017 թվականը տվյալ անձը 5 անգամ քաղաքացիություն եւ անձնագիր է փոխել եւ վերջին մեկ ամսվա ընթացքում 13 անգամ սահմանահատման դեպք է ունեցել։ Եվ տեսեք․ երբ որ անձին ասում են, որ ցավոք սրտի, այո, օրենսդրությունն այնպիսին է, որ Դուք պետք է մաքսազերծեք, եւ որեւէ 100 դոլարի վերաբերյալ խոսք չի եղել, եւ կան էդ տեսաձայնագրությունները մեր կամերաների… մենք հիմա հայտարարում ենք հետեւյալը, որ ցանկացած պարագայում էն, ինչ որ օրենսդրությամբ սահմանված է, որ մենք պետք է մաքսային ձեւակերպում կատարենք, մենք մեր սուրբ պարտականությունն ենք կատարում։ Եվ եթե անձը որոշում է, որ ինքը պետք է PR ակցիա իրականացնի եւ իր լվացքի մեքենան պետք է տա ջարդուփշուր անի, մենք ի՞նչ պետք է անեինք, արգելեի՞նք, որ ինքը նկարեր ու համացանց գցեր։ Ոչ»։

Երեկ մենք մեկ ուրիշ նամակ էլ ստացանք մի քաղաքացուց՝ կրկին մաքսազերծմանը վերաբերող․ «Ընդամենը մի քանի օր առաջ ամբողջ ունեցվածքս հավաքեցի ու վերադարձա Հայաստան։ Բառիս բուն իմաստով մեքենայի մեջ եղել են իմ անձնական իրերը, այդ թվում՝ 4 անվադող, որը գնել եմ Մոսկվայից (ԵԱՏՄ տարածք), ունեմ նաեւ գնման անդորրագիրը։ Բագրատաշենի անցակետում, հղում անելով 2015թ․ կառավարության կողմից ընդունված 90 որոշմանը, արգելեցին անվադողերի մուտքը Հայաստան՝ պատճառաբանելով, որ, ըստ վերը նշված որոշման, օգտագործված անվադողերը համարվում են թունաքիմիկատ։ Ցանկանում եմ տեղեկացնել նաեւ, որ եւս 4 կամ 5 հոգի, որոնք ինձ նման վերադառնում էին հայրենիք, նույնպես բախվել են չարաբաստիկ 90 որոշմանը, որն այդպես էլ չկարողացան ցույց տալ մեզ։ Ավելի ուշ, սակայն, տեղեկացա, որ ոչ բոլորին է վերաբերում այդ որոշումը։ Ներկա պահին բոլոր անվադողերը գտնվում են Բագրատաշենի անցակետում»։

ՊԵԿ նախագահը կարծես թե այս դեպքից էլ էր տեղյակ։ «Ձեր նշած դեպքը, ինչքանով ինձ է հայտնի, ԵԱՏՄ-ից չի եկել։ Եվ մեր հայրենադարձության հետ կապված՝ էսպիսի մի հակասություն կա մեր ներպետական օրենսդրության եւ ԵԱՏՄ իրավակարգավորումների միջեւ։ Մեր օրենսդրությամբ, 5 տարի եւ ավելի դրսում գտնվող մեր հայրենակիցները երբ որ վերադառնում են Հայաստան, իրենք չպետք է մաքսատուրք վճարեն իրենց անձնական գույքի համար։ ԵԱՏՄ իրավակարգավորումներով՝ այդ նորմը տարածվում է օտարերկրյա քաղաքացիների վրա, իսկ մեր քաղաքացիների վրա՝ միայն տրանսպորտային միջոցների մասով։ Մենք այստեղ երկընտրանքի առաջ ենք՝ մեր ներպետական օրենսդրությո՞ւնը կիրառենք, թե՞ ԵԱՏՄ իրավակարգավորումները կիրառենք։ Եվ եթե, օրինակ, որոշում կայացնենք, որ ԵԱՏՄ իրավակարգավորումները չենք կիրառելու, կիրառելու ենք մեր ներպետականը, մեր ժողովուրդը դրանից շատ կուրախանա, բայց մենք դրանից խնդիրներ կունենանք։ Միգուցե մենք այդպիսի որոշում կայացնենք»,- ասաց Անանյանը։

Այսինքն՝ անձնական մեքենա կարող են ներմուծել առանց մաքսազերծման, բայց անվադող՝ ո՞չ։ Թեպետ մեզ ուղարկված նամակում պատճառաբանությունը կարծես թե լրիվ այլ էր։ Ինչեւէ, խնդիրն այն է, որ վարչապետը հայտարարում է, որ քաղաքացիները պետք է այլեւս խոչընդոտների չհանդիպեն որեւէ բան ներկրելիս եւ պետք է ազատ կարողանան ներկրել՝ ինչ ուզում են, քաղաքացիներն էլ, թերեւս ոգեւորված վարչապետի այս հայտարարությամբ, իսկապես ինչ ուզում, ներկրում են ու կանգնում փաստի առաջ, երբ պարզվում է, որ, ամեն դեպքում, կան օրենքներ, որոնք չեն կարող շրջանցել միայն վարչապետի հայտարարության «խաթր»։ Այս հարցում եւս ՊԵԿ-ը կանգնած է բարդ երկընտրանքի առաջ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X