Հարցեր, հարցեր

Երեկ կատարվեց հայ ժողովրդի մի մասի երազանքը՝ մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նա մեր երկրի ու մեր պատմության մեջ ոչ միանշանակ դերակատարում ունեցած անձանցից է՝ իր ընտրվելու պահից մինչեւ հեռանալու պահը։ «Հրապարակը», կարելի է ասել, Ռ․ Քոչարյանից «տուժածներից» է՝ մենք մոտ 2 տարի դատական քաշքշուկի մեջ ենք եղել, որտեղ հայցվորը երկրորդ նախագահի ընտանիքն էր, պատասխանողը՝ թերթը։ Բայց դա բավարար պատճառ չէ, որ մենք եւս համալրենք այս մեղադրանքով «հիացածների» բանակը։ Հակառակը՝ մենք օրենքի ու օրինականության հաղթանակի կողմնակիցն ենք, կարծում ենք, որ մեր երկրի կայացման միակ ճանապարհն այն է, որ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն, եւ քրեական հետապնդումների ենթատեքստում երբեւէ քաղաքական հետապնդման նշույլ անգամ չնշմարվի։

Մենք կարծում ենք, որ մարդու իրավունքները, անձի անձեռնմխելիությունը պետք է սրբորեն պահպանվեն, անկախ այն բանից՝ իրավապահների թիրախում մարդու կյանք խլած հանցագո՞րծ է, պետական բյուջեից յուրացումներ կատարած պաշտոնյա՞, թե՞ պետական հանցագործության մեջ մեղադրվող նախկին նախագահ։ Այս առումով Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երեկ բազում հարցեր առաջացրեց։ Նախ, ինչու է ՀՔԾ եզրակացության մեջ իմպերատիվ պնդում արված․ «Նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»․ սա դատավճի՞ռ է:

Ինչպե՞ս պատահեց, որ որպես վկա հրավիրված անձը մի քանի ժամում, առանց պատշաճ քննության, մեղադրյալ դարձավ։ Ի՞նչ պրոցեդուրա է ենթադրում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, եւ արդյոք այդ պրոցեդուրան պահպանվե՞լ է։ Ի՞նչ փաստերի հիման վրա է նման մեղադրանք առաջադրվել։ Ուրիշ ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել։

Մեկնաբանություն
X