Փաշինյան-Պուտին-Քոչարյան-Սերժ՝ «սիրային քառանկյան» ուշագրավ դրվագները

Փաշինյան-Պուտին նոր-նոր ձեւավորվող, Սերժ Սարգսյան-Պուտին ավարտված եւ Պուտին-Քոչարյան վաղեմի ընկերական հարաբերություններն իրենց բնույթով բավականին դրամատիկ են, տեղ-տեղ՝ ռոմանտիկ, երբեմն էլ՝ խիստ տղայական։ Փաշինյանը փորձում է մտերմանալ Պուտինի հետ, Պուտինը զայրացած է Սերժի վրա, Սերժը նեղացած է Պուտինից, Պուտինը «պրիզնատ» է գալիս միայն Քոչարյանին։ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումը նոր երանգներ հաղորդեցին մեկնարկող հարաբերություններին, լույս սփռեցին հին հարաբերությունների վրա եւ առավել ընդգծեցին առկա իրավիճակը։ Մասնավորապես, մեզ մի քանի տեղեկություն հայտնի դարձավ Փաշինյան-Պուտին հանդիպումից եւ նրանց միջեւ տեղի ունեցած խոսակցություններից, որոնց մասին այցից հետո մասնավոր զրույցերում անկեղծացել են հանդիպմանը ներկա որոշ անձինք։

Մասնավորապես, Փաշինյան- Պուտին հանդիպման ժամանակ Պուտինը բավականին քամահրական ձեւով է արտահայտվել Սերժ Սարգսյանի հասցեին, որը հասել է նաեւ իրեն՝ Սարգսյանին։ Պուտինը, Հայաստանի վարչապետի հետ խոսելով Հայաստանի նախկին ղեկավարների մասին, ընդգծված քամահրանքով հարցրել է, թե «ո՞վ էր էդ ձեր նախկին նախագահը, անունն ի՞նչ էր», Լավրովը կողքից հուշել է՝ Սերժ Սարգսյան։ «Հա, ինքը։ Պետք է ասեմ, որ նա իրեն այնքան էլ լավ չպահեց»,- ասել է Պուտինը Սերժ Սարգսյանի հասցեին։ Սա, իհարկե, իր խորքային պատճառներն ունի։ ՀՀԿ-ում եւս տեղյակ են զրույցի այս մանրամասներից եւ Պուտինի վերաբերմունքից, Սերժ Սարգսյանը չի թաքցնում, որ ինքն էլ նեղսրտած է Վլադիմիր Պուտինից եւ կարծում է, որ այս հեղափոխության մեջ նաեւ նրա մատն է խառը։ Բայց այնպես չէ, թե Պուտինն էլ ոգեւորված է արեւմտամետի համարում ունեցող Փաշինյանով, նա չի վստահում նրա «ռեւերանսներին», ինչը եւս իր պատճառներն ունի։

Ինչպես հայտնի է, Մոսկվայում, աշխարհի խաղերի մեկնարկի օրը, երբ աշխարհի տարբեր երկրների ղեկավարները հավաքված են եղել մեկ վայրում, Վլադիմիր Պուտինը փորձել է Նիկոլ Փաշինյանին ծանոթացնել Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտարարեց նաեւ ինքը՝ Փաշինյանը։ Բայց ծանոթությունը, ինչպես տեղեկացանք, դիվանագիտական առումով այնքան էլ հաջող չի անցել։ Նախ Պուտինը, երբ Ալիեւի մոտ փորձել է ներկայացնել Փաշինյանին, մոտավորապես նույն քամահրական տոնով է արտահայտվել, ինչ Սերժ Սարգսյանի դեպքում՝ Ալիեւին ասելով, թե «ես քեզ ուզում եմ ծանոթացնել մի անձնավորության հետ»։ Ծանոթության ընթացքում Փաշինյանը փորձել է «հեղափոխական» պահվածք դրսեւորել եւ ատամ ցույց տալ Ալիեւին։ Տարբեր աղբյուրներ ասում են, որ դա Ալիեւին դուր չի եկել, զրույցը կիսատ թողել հեռացել է՝ այլ միջավայրում հայտարարելով, որ կբանակցի միայն նախագահի՝ Արմեն Սարգսյանի հետ։ Այս տեղեկությունների արտահոսքի աղբյուրը հանդիպումներին մասնակցած անձինք են, իսկ կառավարության մեր աղբյուրներն այս տեղեկությունների վերաբերյալ բավարարվեցին միայն «նո քոմենթով»։

Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հայտնի է, որ Քոչարյանն ու Պուտինը մտերիմ հարաբերություններ ունեն եւ տարին առնվազն երկու անգամ հանդիպում են։ Այս կապը ձեւավորվել է Քոչարյանի՝ նախագահ եղած ժամանակ, որը վերաճել է անձնական մտերմության եւ շարունակվում է մինչ օրս։ Ուստի Նիկոլ Փաշինյանը թեթեւակի հանդիմանել է Պուտինին՝ ակնարկելով, որ նրա հանդիպումները Ռոբերտ Քոչարյանի հետ անցանկալի են իրեն։ ՌԴ նախագահը նախ հայտարարել է, որ Քոչարյանն իր ընկերն է, նրա հետ ունի անձնական մտերմություն եւ բացահայտ հասկացրել է Փաշինյանին, որ իր հարաբերությունների վրա անգամ Հռոմի պապը չի կարող ազդել, ուր մնաց՝ Հայաստանի նման փոքր երկրի ղեկավարը։ Եվ բերել է Իտալիայի նախկին նախագահ Բեռլուսկոնիի օրինակը, թե ինչպես է ինքն Իտալիա կատարած այցի ժամանակ գրաֆիկից շեղվել, այցելել իր վաղեմի ընկերոջը՝ այդ օրերին տնային կալանքի տակ գտնվող Սիլվիո Բեռլուսկոնիին, եւ մեկ ժամ ուշացումով նոր հանդիպել Պապին։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ հանդիպմանը հարցրինք, թե Ռ․ Քոչարյանն ու Պուտինը շարունակո՞ւմ են շփվել եւ մտերմություն անել իրար հետ՝ մեջբերելով նաեւ Փաշինյան-Պուտին հանդիպման վերը նշված հատվածը, որը նրանց մտերմության վկայությունն է։ Սողոմոնյանը, սակայն, դիվանագիտորեն խուսափեց այս մասին որեւէ մեկնաբանություն տալ՝ փաստացի չհերքելով մեր հարցում առկա տեղեկությունը․ «Ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել»։

ՀԳ․ Երեկ Մոսկվա էր մեկնել նաեւ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Նա այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, որտեղ հանդիպել է տնօրեն Զելֆիրա Տրեգուլովայի եւ ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։ Նրանց տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավի մասին՝ խնդրելով միանալ իր նախաձեռնությանը։ Վարչապետի կինը կոչ է հղել բոլոր քաղաքականություն որոշողներին՝ անել առավելագույնը՝ թնդանոթները շրջանցելու համար։ Աննա Հակոբյանի այս այցն ու ելույթը միայն տակավին վերջերս որդուն սահման ուղարկած մոր եւ կնոջ էմոցիոնալ ելույթ չէ։ Նախ տարակուսելի է, որ երկրի առաջին տիկինն է արդեն խառնվում արցախյան հարցին ու նման կոչերով հանդես գալիս, երբ դրա հիմնական կրողն ու պատասխանատուն վարչապետն է, կառավարությունը, իշխանությունները։ Սա խոսում է ՀՀ նոր իշխանությունների անհանգստության մասին սահմանային լարվածության մասով, որը փորձում են մեղմել արդեն «կանացի զենքերով»։ Պարզ է, որ սրանով վարչապետի կինը թերեւս փորձել է լրացնել այն բացը, որն առաջացրել են իր ամուսինը եւ նրա թիմը Ռուսաստանի հետ պաշտոնական եւ ոչ այդքան սահուն ընթացող հարաբերություններում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X