Կուսակցություններն ակտիվորեն պատրաստվում են Երևանի ընտրություններին

Երեւանի ավագանու ընտրությունների օրը թեպետ դեռ հստակ որոշված չէ եւ ոչ էլ վարչապետի կողմից է որոշված, բայց մոտավոր արդեն հայտնի է։ Ամենայն հավանականությամբ, ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին։ Այսինքն՝ քաղաքական ուժերին մնացել է մեկ ամսից ընդամենը մի քանի օր ավել ժամանակ, որ պատրաստվեն ընտրություններին։ Եվ այս սուղ ժամկետը կարող է բարդությունների եւ ցայտնոտի առաջ կանգնեցնել նրանց։ Բայց արի ու տես, որ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերը «ոչ մի պրոբլեմ չունեն», արդեն սկսել են պատրաստվել եւ լավ էլ կհասցնեն։ Ի դեպ, այն ուժերը, որոնք ներկայացած են նաեւ խորհրդարանում, իրավունք ունեն հանձնաժողովներում ունենալ իրենց անդամները, որոնց հետ եւս պետք է աշխատանքներ տարվեն։

«Ամենադուխովն» այս հարցում խոսեց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ով, ի դեպ, չի բացառում, որ կուսակցության ցուցակն ինքը կգլխավորի։ Թեպետ դեռ որեւէ որոշում չունեն։

«Ես կարծում եմ՝ ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որի դեպքում տվյալ հարցն անիմաստ է, որովհետեւ մենք ունենք մոտ 6 հազար լիցենզավորված հանձնաժողովականներ, վստահված անձինք, եւ նման տեխնիկական խնդիր գոնե մեր դեպքում չի կարող ծագել»,-հայտարարեց Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ իրենք արդեն սկսել են աշխատել Երեւանի զարգացման ծրագրի վրա, իրենց կուսակցության աշխատակազմի ղեկավարի հետ նստած աշխատում են, նաեւ թրեյնինգներ են սկսել իրենց հանձնաժողովի անդամների հետ։

Բայցեւայնպես, Զոհրաբյանը չհերքեց, որ ժամանակը քիչ է․ «Բայց վստահեցնում եմ Ձեզ՝ մեզ մոտ (նկատի ունի ԲՀԿ-ում) ընտրություններ կազմակերպելու ամբողջ մեխանիզմը շատ ճիշտ, գրագետ, կարելի է ասել՝ նույնիսկ ավտոմատացված, ռելսերի վրա դրված է, ամեն մեկը հստակ գիտի իր պարտականությունը։ Խումբ կա, որ գիտի՝ զբաղվելու է բաներներով, խումբ կա՝ փորձագետների, տնտեսագետների, իրավաբանների, սոցիոլոգների, իրենք զբաղվելու են նախընտրական ծրագրով, խումբ կա, որ զբաղվելու է ֆլեշ-մոբերով, այսինքն՝ մեզ մոտ էնքան հստակ կազմակերպված է ամեն ինչ, որ մենք նոր հեծանիվ չենք հորինելու»։

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանն էլ վստահեցրեց, որ կհասցնեն պատրաստվել ընտրություններին։ Միայն թե նրանց մոտ հայտնի չէ դեռ, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու ընտրություններին՝ առանձին «Լուսավոր Հայաստան» կուսակցությա՞մբ, թե՞ դաշինքով։ Արդեն հայտնի է, որ «Ելք» դաշինքով չեն մասնակցի, քանզի դրա մասը կազմող «Քաղպայմանագիր» կուսակցությունն արդեն հայտարարել է առանձին մասնակցելու մասին։ Հայտնի չէ նաեւ, թե ով կգլխավորի ցուցակը, առայժմ շրջանառվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի անունը։ Ի դեպ, «Լուսավոր Հայաստանը», որպես Ազգային ժողովի «Ելք» խմբակցության մասը կազմող կուսակցություն, հանձնաժողովներոմ իր անդամներին առաջադրելու իրավունք ունի։ Բայց քանի որ «ՔՊ»-ն էլ առանձին է գնալու ընտրություններին, չի բացառվում՝ «Հանրապետություն» կուսակցությունն» էլ իր հերթին առանձին մասնակցի, այստեղ արդեն «Ելք»-ի քվոտայով հանձնաժողովականների քանակը կբաժանվի մի քանի մասի։

Խաժակյանն ասաց, որ իրենք այդ հարցը կարգավորել են եւ կարգավորում են համատեղ, աշխատանքային խմբի միջոցով՝ հավասարապես բաժանելով բոլոր տեղերը։ «Կարծում եմ՝ այս անգամ էլ է այդպես լինելու, կրկին փոխհամաձայնեցված, կրկին բոլորի հետ քննարկելով՝ այդ նշանակումները կատարելու ենք»,-ասաց պարոն Խաժակյանը։ Նա նաեւ նշեց, որ իրենք արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները, եւ մինչեւ սեպտեմբեր ընկած ժամկետն իրենց բավարար է ընտրություններին պատշաճ ներկայանալու համար։

Երեւանը գրավելու եւ Երեւանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունեն նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցությունն ու նրա ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Վերջինս եւս անհանգստության նշույլներ ցույց չտվեց ժամկետների մասով։ «Մենք շուտվանից ենք պատրաստվում, ամեն ինչ էլ կհասցնենք»,-ասաց Փոստանջյանը։ «Երկիր ծիրանին», իհարկե, հանձնաժողովներում անդամներ չի կարող ունենալ, բայց կարող է վստահված անձինք ունենալ, որոնց հարցով եւս զբաղվում է։ Փոստանջյանը չցանկացավ բացահայտել, թե ինչ տակտիկա են որդեգրելու քարոզարշավի ընթացքում, ինչպես են այն իրականացնելու։ «Դա արդեն դուք՝ ինքներդ կմասնակցեք, կտեսնեք եւ կլուսաբանեք»,- ասաց նա։

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրություն ունի նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի ցուցակը, ըստ տարածված տեղեկությունների, կգլխավորի Մհեր Շահգելդյանը։ Բայց Շահգելդյանի հետ այս հարցով զրուցել երեկ մեզ չհաջողվեց։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X