Օրենքը չի արգելում, որ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսաձայնագրվի

Հուլիսի 26-ին նախատեսված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Մարտի 1-ի գործով։ Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը օրեր առաջ հայտարարել էր, որ քննարկում են նախկին նախագահի հարցաքննությունը տեսաձայնագրելու հարցը։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք նախաքննության գաղտնիությունը չի խախտվում, եթե տեսաձայնագրեն Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը։

«Օրենքը չի արգելում հարցաքննության ձայնագրությունը։ Օրենքում ամրագրված է, որ հարցաքննությունը կարող է տեսանկարահանվել, ձայնագրվել։ Իսկ նախաքննության գաղտնիությունը չի խախտվում, որովհետեւ հարցաքննությունը կարող է չհրապարակվել։ Ինչպես փաստաթղթերը, այն եւս կարող է չհրապարակվել, եւ այդտեղ չկա նախաքննության գաղտնիության խախտում։ Հաճախակի է լինում, որ հարցաքննությունները տեսանկարահանվում են։ Այս դեպքում կարող են պահանջել, որ այն չհրապարակվի կամ հրապարակվի դռնփակ դատական նիստում։ Բայց հարցաքննությունները պետք է տեսանկարահանվեն, որպեսզի դրանով բացառվի հարցաքննության արձանագրության ճշգրտությունը կասկածելը։ Օբյեկտիվ իրականության մեջ հարցերին պատասխանում են մի ձեւով, քննիչն արձանագրում է մեկ այլ ձեւով։ Իսկ եթե արձանագրությունը ձայնագրվում է, ապա երկու կողմերն էլ կարող են հղում անել դրան։ Ապագայում հնարավոր է, որ մեր բոլոր հարցաքննությունները տեսաձայնագրվեն, ինչպես շատ արտասահմանյան երկրներում»,- ասաց փաստաբանը։

Միաժամանակ, ըստ Տիգրան Հայրապետյանի, եթե հրապարակեն այդ հարցաքննությունը, այն կարող է լինել նախաքննության գաղտնիության խախտում։ «Սակայն եթե այն տեսանկարահանվում է, կցվում գործի նյութերին, հասանելի չէ, որեւէ մեկը չի կարող այն ստանալ, բացի նախաքննության մասնակիցներից»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեկնաբանություն
X