Մտահոգիչ է այն հարցը՝ արդյոք ԱԱԾ-ն գործում է օրենքի սահմաններում, թե՞ ոչ․ քաղաքագետ

Թավշյա հեղափոխությունից հետո շատերն են փորձում հասկանալ, թե ինչ հիմնարար փոփոխություններ են կատարվել մեր արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ, կոռուպցիոն բացահայտումները որքանով են ծառայելու իրենց նպատակին՝ համակարգային կոռուպցիան արմատախիլ անելուն, դրա համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Որքանո՞վ է ազատ, մրցակցային դաշտ ստեղծվելու քաղաքական կուսակցությունների կայացման համար, որոնց առաջին փորձությունը լինելու է առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելը։

Մեր հարցերին պատասխանում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

-Պարոն Դանիելյան, հեղափոխությունից երեք ամիս անց Փանիկ գյուղում տեղի ունեցավ հայտնի միջադեպը, որը ստվեր գցեց հայ-ռուսական հարաբերությունների վրա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի նկատվում տեղաշարժ, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ չեն եղել հանդիպումներ։ Փոխարենը Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ տեղալ հայկական կողմի հասցեին։

-Ադրբեջանից սպառնալիքներ միշտ էլ հնչել են, լարվածություն, սահմանին կուտակումներ միշտ էլ եղել են։ Բայց այս տեսանկյունից առաջին անգամ Հայաստանի իշխանությունն իրեն ճիշտ է պահել․ ագրեսիվ հայտարարություններին համապատասխան պատասխան է տվել, Հայաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ եւ ասել է, որ Հայաստանը կարող է խոսել Հայաստանի անունից։ Արցախի անունից կարող է խոսել Արցախը։ Ադրբեջանը շարունակում է վախեցնել պատերազմի սպառնալիքներով, համապատասխան պատասխան տրվեց։ Երկրորդ՝ Ալիեւը մինչ այդ հայտարարություններ էր անում Երեւանը գրավելու մասին, Հայաստանը գրավելու մասին, Սերժ Սարգսյանի մասին խոսում էր հեգնանքով, ծաղրանքով, հիմա տոնը փոխվել է։ Եվ եթե ինքը սպառնում է պատերազմով, թող սկսի այն։ Կյանքը ցույց է տվել, որ իրենք ի վիճակի չեն պատերազմ սկսել, եւ եթե ճիշտ պատասխան են ստանում, իրենց պահում են շատ հանգիստ։ Այս առումով արտաքին քաղաքականության մեջ ճիշտ, ադեկվատ կուրս է իրականացվում։ Եվ այդ քաղաքականությունն իրականացվում է որպես սուվերեն երկրի քաղաքականություն։ Փանիկի դեպքը նույնպես ցույց տվեց, որ համարժեք պատասխանի դեպքում ներողություն են խնդրում եւ փոխում են իրենց պահվածքը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճիշտ էր, եւ հարցադրումը, թե ռուսական ռազմաբազայի հետ կապված պայմանագրերի վերաբերյալ պետք է լինեն պարզաբանումներ, սուվերեն երկրի պահվածք է։ Եվ դրսում հասկացան, որ Հայաստանի հետ կարող են խոսել որպես սուվերեն երկիր։ Այս առումով շատ բան է փոխվել։

-Որքա՞ն ժամանակ կարող են շարունակվել այդ հարաբերությունները, եթե նկատի ունենանք, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ արեւմուտքը Հայաստանից ակնկալում են հստակ կողմնորոշում։

-Ես վստահ եմ, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ արեւմուտքը Հայաստանից ինչ ընկալում են, այն էլ ստանում են։ Հայաստանից արեւմուտքն ակնկալում է սուվերեն պահվածք, այդ սուվերեն պահվածքը վերջապես ցույց է տալիս Հայաստանը։ Այն, ինչ ակնկալում է ՌԴ-ն Հայաստանից, ունի։ Հիմա պետք է գործել ոչ թե սուվերեն-վասալ հարաբերությունների շրջանակներում, այլ որպես փոխադարձ շահեր ունեցող, ինքնուրույն երկրներ։

-Թավշյա հեղափոխությունից հետո մենք ականատես ենք կոռուպցիոն բազմաթիվ բացահայտումների, հանրության ուշադրության կենտրոնում ԱԱԾ-ն է։ Կա տեսակետ, որ ԱԱԾ-ին ֆետիշացնում են։ Նկատի ունենանք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հավակնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին։ ԱԱԾ-ն ժամանակի ընթացքում չի՞ վերածվի ներքաղաքական կյանքում գլխավոր դերակատարի։

-Ինձ ավելի շատ մտահոգում է այն հարցը՝ արդյո՞ք ԱԱԾ-ն գործում է օրենքի սահմաններում, թե՞ ոչ։ Արդյոք իրակա՞ն գործ է արվում, թե՞ այս ամենը շոու է։ Միանշանակ է, որ պոպուլիզմի տարրերը շատ են, հեղափոխությունից հետո պոպուլիզմը շարունակվում է Հայաստանում, կառավարության հիմնական քաղաքականությունը հիմնվում է պոպուլիզմի վրա։ Սակայն կոռուպցիայի դեմ պայքարը ոչ թե ԱԱԾ-ի գործն է, այլ հստակ օրակարգ է։ Կառավարությունը պետք է ձեւավորի քաղաքական օրակարգ։ Եվ քանի որ դա չկա, հանրությունը տեսնում է գործողություններ։ Եվ դա կշարունակվի մինչեւ ընտրությունները, քանի որ հիմնական խնդիրը ձայներ ստանալն է, իսկ պոպուլիզմն իր դերը կատարելու է այդ դեպքում։ Այնպես որ՝ մինչեւ ընտրությունները մենք կտեսնենք նման շոուներ։ Այլ հարց է՝ մենք կտեսնե՞նք իրական քաղաքականություն, որը երկրի զարգացման հիմքը կդնի։ Այս պահին ես դա չեմ տեսնում։

-Հանրությանը հուզող հարցերից է, թե երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով կներգրավվե՞ն որպես մեղադրյալ, նրա նկատմամբ կսկսե՞ն իրավական գործընթացներ, թե՞ ոչ։

-Ես չեմ կարծում, թե դա հանրային թիվ մեկ օրակարգն է։ Դա հիմնականում որոշակի քաղաքական խմբի օրակարգն է։ Բնականաբար, հանրությունն ակնկալում է Մարտի 1-ի դեպքերով արդար հետաքննություն, սպասում է, որ մեղավորները պատժվեն։ Բայց ես դա չէի համարի թիվ 1 օրակարգ։ Թիվ 1 օրակարգը հստակ փոփոխություններ իրականացնելն է, որոնք կարող են երկրի զարգացման հիմքը դնել։ Եթե դա չի դրվում, ապա Մարտի 1-ի դեպքերը նույնպես վերածվում են պոպուլիզմի։

-Առաջիկայում տեղի են ունենալու Երեւանի ավագանու ընտրություններ։ Ըստ Ձեզ՝ բացի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ո՞ր քաղաքական ուժերը կարող են մասնակցել այդ ընտրություններին եւ հավակնել տեղ ունենալու Երեւանի ավագանիում։

-Ես հարցը այլ կերպ կձեւակերպեի։ Խնդիրը հետեւյալն է՝ արդյո՞ք Երեւանի ավագանու ընտրությունները խթան կդառնան, որպեսզի քաղաքական դաշտ սկսի ձեւավորվել, եւ մենք ընտրությունների ժամանակ տեսնենք դիրքորոշումներ, հասկանանք, որ դրանք ավագանու ընտրություններ են, ոչ թե խորհրդարանի։ Եվ քաղաքական դիրքորոշումները կստանան տնտեսական, կառուցվածքային ձեւակերպումներ։ Կտեսնե՞նք դա, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել։ Բայց հույս ունեմ, որ դա հիմք կլինի, որ քաղաքական խմբավորումները դառնան քաղաքական ուժ, ոչ թե մնան որպես խմբավորումներ, որոնք պայքարում են միմյանց դեմ՝ հանրային ունեցվածքին տիրանալու համար։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X