Երբ խնդրի մասին խոսելը համարվում է սաբոտաժ

Բազմիցս նամակներ ու գանգատներ ենք ստացել, որ կառավարության այս կամ այն անդամներին հասցեագրված դիմումները տեղ չեն հասնում։ Նույնիսկ վերջերս մի շարք քաղաքացիներ կառավարության առջև բողոքի ակցիա իրականացրին՝ պահանջելով վարչապետից, որ անձամբ հանդիպի իրենց հետ և պատասխանի իրենցից յուրաքանչյուրի հարցերին։ Հերթական բողոքը Կոտայքի մարզպետարանից է, իսկ բողոքողն էլ նույն մարզի բնակիչ Մարգարիտա Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ արդեն մոտ 1 շաբաթ է՝ զանգում է Կոտայքի մարզպետարանի՝ քաղաքացիների ընդունելության հեռախոսահամարով, սակայն անջատում են։

Զանգահարեցինք նույն հեռախոսահամարով, որով և զանգահարել էր մեզ դիմած քաղաքացին, հեռախոսազանգին պատասխանեց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընդունարանի աշխատակցուհին։ Հարցրինք, թե կա՞ նման բան, որ քաղաքացիները զանգահարեն, իսկ նրանց հեռախոսազանգերին չպատասխանեն կամ անջատեն։ Աշխատակցուհին, ով ներկայացավ որպես մարզպետի օգնական, սակայն չասաց իր անուն- ազգանունը, խնդրեց ասել քաղաքացու անուն- ազգանունը։ Հարցրինք, թե ինչի՞ համար է պետք քաղաքացու անուն-ազգանունը, ինչ-որ անուններ կա՞ն, որոնց զանգերին չեն պատասխանում․

«Նման բան հնարավոր չի, ես հերքում եմ, դա կարող է դիտվել որպես սաբոտաժ»։Հարցրինք, թե որտեղ է դրսևորվում սաբոտաժը, և արդյոք սաբոտա՞ժ է, որ քաղաքացին իր խնդրով դիմում է մամուլին։

«Եկեք հեռախոսազրույց չունենանք, եթե ինչ-որ խնդիր կա, կարող ենք հանդիպել, խոսել»,- ասաց մարզպետի օգնականը։

ՀԳ․ Մարզպետի օգնականի հետ զրույցից մոտ կես ժամ հետո քաղաքացին կապ հաստատեց մեզ հետ՝ տեղեկացնելով, որ մեկշաբաթյա դադարից հետո մարզպետարանից վերջապես պատասխանեցին իր հեռախոսազանգին։

Մեկնաբանություն
X