Առանձի՞ն, թե՞ դաշինքով․ ինչպե՞ս կմասնակցեն ավագանու ընտրություններին

Երեկ տեղի ունեցալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, օրակարգում ինքնառաջադրված չորս թեկնածուի՝ Հայկ Մարությանի, Սրբուհի Ղազարյանի, Ալեն Սիմոնյանի և Զարուհի Բաթոյանի ընտրության հարցն էր։ Քննարկումը անցել է թեժ մթնոլորտում, սակայն վերջանական թեկնածու այդպես էլ չի ընտրվել։ Բացի այդ՝ դեռսև հայտնի չէ, թե ՔՊ-ն ինչ ձևաչափով է մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին․ առանձին կմասնակցի՞, թե՞ դաշինքով։ Այնուամենայնիվ, ՔՊ-ականները հայտարարում են, որ դաշինքով մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մյուս կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետություն» կուսակցության հետ քննարկումներ են ընթանում։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հարցրինք, թե ի՞նչ փուլում են քննարկումները, և դեռևս չի՞ ուրվագծվում, թե ինչ ձևաչափով վերոնշյալ կուսակցությունները կմասնակցեն ընտրություններին՝ նկատի ունենալով, որ ՔՊ-ն արդեն կոնկրետ անուններ է շրջանառում, և պարզ է, թե կուսակցությունից ովքեր են պայքարում առաջին համարը զբաղեցնելու համար․

«Քննարկումները մասնակցության ձևաչափի շուրջ է, այսինքն՝ դաշինքի ֆորմատի, թեկնածություններ առաջադրելը շատ նորմալ և բնական եմ համարում, «Ելք» դաշինքը մշտապես այդպես էլ թեկնածուներ որոշել է, յուրաքանչյուր կուսակցություն որոշել է իր թեկնածուին, հետո թեկնածուներից դաշինքը ընտրել է միասնական թեկնածուի։ Այս առումով պրոցեսները գնում են բնականոն հունով»։ Հարցրինք, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ՔՊ-ն կոնկրետ պայման է դրել, որ դաշինքով մասնակցելու դեպքում ՔՊ-ական թեկնածուն պետք է գլխավորի դաշինքի ցուցակը․«Երևանի ավագանու ընտրությունների մասով ես այդ տեղեկատվությունը չեմ կարող հաստատել»։

Իսկ այն հարցին, թե հնարավոր տարբերա՞կ է, որ ՔՊ-ն մասնակցի առանձին, իսկ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունը» պահպանեն դաշինքը․«Մենք քննարկել ենք մասնակցության բոլոր ձևաչափերը, և դա քննարկում ենք թե ներդաշինքային տրամաբանության մեջ, թե քաղաքային տրամաբանության մեջ, և այս պահին որևէ վստահ հակվածություն չկա»։Որպես «Լուսավոր Հայաստանի» հավանական թեկնածու՝ մամուլում շրջանառվում է սոցապնախարար Մանե Թանդիլյանի անունը։ Խաժակյանին հարցրինք, թե ինքը չի ցանկանո՞ւմ առաջադրվել, մանավանդ, որ ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարն է․

«Նախ ես չեմ հաստատի հրապարկումը, որում նշվում է, որ տիկին Թանդիլյանը առաջադրել է իրեն, և ես ինձ սիրով կառաջադրեի, եթե տարիքս բավարարեր, քաղաքապետի համար պետք է թեկնածուն լինի 30 տարեկանից բարձր, որին ես չեմ համապատասխանում»։

Խաժակյանին խնդրեցինք կարծիք արտահայտել Հայկ Մարությանի թեկնածության վերաբերյալ, ՔՊ- ական 4 թեկնածուից ամենաաղմկահարուցը հենց նրա առաջադրումն էր․

«Ես արդեն ասել եմ, որ Հայկ Մարությանին անձամբ չեմ ճանաչում, քանի որ նա այլ ոլորտում է գործունեություն ծավալել, որևէ կարծիք այդ մասով չեմ կարող ասել, միայն գիտեմ, որ որևէ ոլորտով զբաղվելը դեռևս չի նշանակում չկարողանակ կառավարել այլ ոլորտներ»։

Մեկնաբանություն
X