Փաշինյանն ու Օսիպյանն ինձ 300 հազար դրամ են պարտք

Պարոնայք Նիկոլ Փաշինյան եւ Վալերի Օսիպյան, ե՞րբ եք տալու 300 հազար դրամս: Արդեն երրորդ հոդվածն եմ գրում այն մասին, որ ձեր ցույցերի մասնակից մեքենայի (տաքսու նշանով) վարորդը, ճանապարհը փակելու նպատակով, խախտել է երթեւեկության կանոնները, հարվածել իմ մեքենային, ապա Փաշինյանի նկարով ու Հայաստանի դրոշներով փախուստի դիմել դեպքի վայրից: Համարանիշը փակված էր, չեմ կարող ասել, բայց դա էական չէ այս պահին, քանի որ մեքենայի վրա նոր Հայաստան կերտող առաջնորդի նկարն էր, իսկ դա, երեւի, ինչ-որ բան նշանակում է, եթե ոչ ոմանց, ապա առնվազն պետական մտածողությամբ մարդկանց համար, իսկ Փաշինյանն ու Օսիպյանը հենց այդպիսիք են: Ճիշտ այդքան գնահատեցին վնասը մասնագետները, իսկ ԱՊՊԱ-ն հրաժարվեց վճարել` նշելով, որ մյուս կողմը հայտնի չէ, եւ պետք է դիմել ոստիկանությանը: Ոստիկանությունն էլ այդ օրերին ո՛չ կար, ո՛չ չկար, եւ ստիպված եղա իմ միջոցներով նորոգել մեքենաս:

Հեղափոխության (վույ աման) հաղթանակից հետո հույս արթնացավ, որ նոր, դեռ չկեղտոտված իշխանությունները կլսեն ՀՀ հպարտ քաղաքացուս եւ մի բան կմտածեն վնասը փոխհատուցելու ուղղությամբ, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Ոստիկանությունն օրենք հռչակեց, որ փոխհատուցվելու են միայն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են ցույցերի օրերին: Արդա՞ր է: Իհարկե` ոչ: Եվ հարց առաջացավ` ո՞ւր ենք հասցնելու մի գործ, որն սկսում ենք անարդար որոշումներով: Ըստ երեւույթին, ինձ ավելի զայրացնելու համար Օսիպյանը մի օրենք էլ հնարեց, որով ներվեցին մինչեւ 2018թ. հունվարի կուտակված տուգանքները, ինչպես նաեւ ճանապարհ փակող, «պռոտիվ մտնող», սխալ կայանող, մայթերը բարձրացող ավտոմեքենաների վարորդների խախտումները: Ասացին` հեղափոխություն է, այդպես էլ է լինում: Իսկ ես` ՀՀ միակ չհաբռգած քաղաքացիս, որ դեռ Վլադիմիր Գասպարյանի օրոք միանվագ 100 հազար դրամ տուգանք եմ վճարել, Օսիպյանի օրոք խիստ վիճելի հանգամանքներում նոր տուգանք եմ ստացել: Ի՞նչ է սա, իրարից ջոկում են յուրայիններին եւ օտարների՞ն, թե՞ որոշել են վերջնականապես ք..ել իրենց բռնած գործի մեջ ու գնալ տուն: Չէ, պարոնայք Փաշինյան եւ Օսիպյան, փողերս բերեք եւ վերջ:

Դատի տալ չեմ ցանկանում, որովհետեւ միլիցեն էլ է ձերը, դատավորն էլ, ԱԱԾ-ն էլ, ՔԿ-ն էլ, ՀՔԾ-ն էլ, ԱԻՆ-ն էլ: Հայ բուդուլ, Հայաստանում դատարանն անկախ է: Տո լավ, է, ես էլ հավատացի: Որ անկախ լիներ, միայն «օտարներին» չէիք դատի, միայն «օտարներին» չէիք ազատի աշխատանքից, միայն «օտարներին» չէիք խայտառակի… Մինիստրներ եք նշանակել, որ վախենում են հայերեն 2 բառ գրել, մինիստրներ եք նշանակել, որ գերատեսչությունները լցրել են իրենցից ավելի տգետ (Արսինե Խանջյանի մեկնաբանությամբ) զանգվածով: Ո՞ր դատարանը պետք է ձեզ դատի այս խայտառակության համար: Ո՞ր դատարանը պետք է դատի այն նախարարին ու փոխնախարարին, որոնք չխորշեցին անգամ հրապարակավ խայտառակվելու գնով աշխատանքից ազատել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին, ի՞նչ դատավոր պետք է լինի, որ համարձակվի դատել եկեղեցու ուղղությամբ քար նետող աղանդավոր խուժանին, երբ Փաշինյանը ոչ միայն հրաժարվում է սաստել նրան, այլեւ նրանց միջից կադրեր է տանում կառավարություն:

Ես այս դատական խառը գործերի հետ գլուխ չունեմ, եղբայր, իմ փողը տվեք` գնամ: Ձեզ հրավիրում եմ «Հրապարակի» խմբագրություն, որպեսզի գլխավոր խմբագրի եւ մյուս գործընկերներիս ներկայությամբ տեղի ունենա այդ ամենը, որպեսզի հետագայում այս թեմայով այլեւս հոդված չգրեմ: Մեկ այլ տարբերակ էլ կարող եմ առաջարկել: Այդ գումարը (300 հազար դրամ) փոխանցեք որեւէ սահմանամերձ գյուղի եւ այդ մասին պատշաճ կարգով ծանուցեք ինձ եւ «Հրապարակին»` որպես արձագանք այս հոդվածին:

Պարոնայք Փաշինյան եւ Օսիպյան, եթե նեղն եք, կարող եմ ձեզ օգնել այդ փողը ճարելու հարցում: Բավական է ԱԱԾ-ն ուղարկեք ավտոապահովագրողների մոտ, եւ նրանք իրենց ունեցածի մի մասն իսկույն կտան ձեզ` ամբողջը փրկելու հույսով: Չարաշահումներն այդ ոլորտում անխուսափելի են, ինչպեսեւ բժշկական ապահովագրության ոլորտում: Նույն մեխանիզմն է գործում: Ապահովագրելուց առաջ նրանք զանգահարում են, սարեր խոստանում, իսկ երբ պահը գալիս է որեւէ բանի համար քաղաքացուն փոխհատուցելու, զանազան պատճառներ են բռնում, որ խուսափեն փոխհատուցելուց կամ, լավագույն դեպքում, մի քանի դրամ տան` հաճախորդի բերանը փակելու համար: Շուստրի են, էլի:

Օրերս համալսարանական ընկերոջս ավտոմեքենան էին ջարդել` կանգնած ժամանակ: ԱՊՊԱ-ները զանգել էին միմյանց, վթարի մեղավորն ընդունել է մեղքը: Գցել-բռնել էին, որ մինչեւ 100 հազար դրամի չափով կփոխհատուցեն ընկերոջս «Լեքսուս» ավտոմեքենային հասցված վնասը: Մի երկու օրից ընկերս թուղթ է ստացել, որ փոխհատուցվելու է 55 հազար դրամ միայն: Չարաշահո՞ւմ է պետք, խնդրեմ, սա հենց այդ դեպքն է: Ինչպե՞ս պատահեց, որ «Լեքսուս» ավտոմեքենայի վահանը (բամպեր) գնահատվեց 55 հազար դրամ՝ այն դեպքում, երբ այն, ըստ ԱՊՊԱ պայմանագրի, ենթակա է ընդհուպ փոխարինման, եթե նորոգվելուց հետո նախկին տեսքի չի բերվում կամ թերություններով է ամրացվում մեքենային: Երեւի աշխարհում ոչ մի տեղ ԱՊՊԱ-ն այնքան ժլատ չէ, ինչպես Հայաստանում: Տեսե՞լ եք դրանց գրասենյակները, այդ ինչո՞վ են այդպիսի շքեղ պայմաններ ստեղծել իրենց համար, այն էլ Երեւանի ամենաթանկ հատվածներում: Մեր բանկերը, որ տզրուկի նման արյուն են ծծում, նախանձում են ԱՊՊԱ գրասենյակներին: Մենք ապահովագրության գումարը վճարում ենք պարտադիր կարգով: Հետեւաբար` պարտադիր պետք է լինի նաեւ ամբողջական եւ լրիվ փոխհատուցումը` առանց ավելորդ ձեւականությունների եւ քաշքշուկի:

Լավ, շատ չծանրաբեռնեմ ձեզ, պարոնայք Փաշինյան եւ Օսիպյան, այլապես կարող եք մոռանալ ձեր անձնական 300 հազար պարտքի մասին: Մի խոսքով` սպասում եմ ձեր արձագանքին: Սուրճն ու պաղպաղակը՝ իմ կողմից, մեզ հետ շփվելը` ձեր: Ես ամենայն լրջությամբ եմ ասում, եւ չփորձեք ականջի հետեւ գցել: Հեղափոխությանը չի սազում:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X