Ո՞վ ում է խաբում

«ABC» իրավաբանական գրասենյակի տնօրեն Արա Խաչատրյանը վերջերս բաց նամակ էր հրապարակել, որտեղ մեղադրում էր Մակիչյանների ընտանիքին իրեն խաբելու եւ վաշխառության մեջ։ Բանն այն է, որ Մհեր Մակիչյանը, ով Հյուսիսային համալսարանի դասախոս է եղել, միեւնույն ժամանակ հանդիսանում է նաեւ «Կրեդո ֆինանս» վարկային կազմակերպության խորհրդի նախագահը։ Արա Խաչատրյանը հենց նրան է մեղադրում իրեն խաբելու, ցածր տոկոսադրույքով վարկ առաջարկելու, հետագայում այդ տոկոսադրույքն ապօրինի բարձրացնելու եւ իրենից մեծ գումար պահանջելու մեջ։ **Արա Խաչատրյանը **մեզ հետ զրույցում ասաց, որ կազմակերպության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, եւ 26.07.216թ․ համաձայնագիր են կնքել, որ Արա Խաչատրյանը պարտավորվում է «Կրեդո ֆինանսին» վճարել 2 մլն 250 հազար դրամ, եւ դրանով իսկ բոլոր պարտավորությունները կհամարվեն կատարված։ «Մհեր Մակիչյանը ժամանակին ինձ խաբել է՝ խոստանալով վարկ ցածր տոկոսադրույքով։ «Կրեդո ֆինանս» վարկային ընկերության խորհրդի նախագահն է ու ժամանակին, երբ վարկ է ձեւակերպել, ես սեւ ցուցակում եմ եղել Կենտրոնական բանկի կողմից: Վարկը վերցնելիս ասել է, որ 22 տոկոսով է վարկը, հետագայում պարզվել է, որ իրականում 58 տոկոսով է։

Երբ բացահայտվեց խաբեությունը, էդ վարկայինի տնօրենին ազատեց աշխատանքից, ով տեսախցիկի առջեւ խոստովանել էր, որ խաբում են մարդկանց։ Հետո, երբ իրեն զանգահարեցի ու ասացի, որ բացահայտվել է ամեն ինչ, էն ժամանակ ասաց, որ լուրջ մարդիկ կան կանգնած էդ վարկայինի մեջքին՝ գեներալներ ու ազդեցիկ մարդիկ, որ ես եթե բացահայտեմ, շատ վատ կլինի։ Բայց համաձայնեցին էդ իրենց խաբածի մի մասն իջեցնել, ու համաձայնագիր կնքեցինք՝ 2 մլն դրամ գումար վճարելու համար։

Հիմա պարզվել է, որ դիմել են դատարան՝ 7 մլն 200 հազար դրամի պահանջով, կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, ես տեղեկացված չեմ եղել, դատարանը վճռել է, որ պետք է բռնագանձել։ Իրենց պատճառով ես արդեն վաճառել եմ մի բնակարանը եւ մարել եմ իրենց պարտքերը, բայց Մհեր Մակիչյանին քիչ է եղել, ու ուզում է իմ երեխաների անունով բնակարանը եւս վերցնել։ Բոլոր ապացույցներն ունեմ, որ կարող եմ հրապարակային ներկայացնել, անգամ պատրաստ եմ Մհեր Մակիչյանին հրավիրել բացահայտ մամուլի ասուլիսի եւ անել բացահայտումներ»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Ի դեպ, նա «Հրապարակի» խմբագրություն էր ներկայացրել վերոնշյալ համաձայնագրի պատճենը, ըստ որի՝ Արա Խաչատրյանը 1 տարվա ընթացքում պարտավորվում է վարկային կազմակերպությանը վճարել 2 մլն 250 հազար դրամ, եւ վարկառուի բոլոր պարտավորությունները կհամարվեն կատարված։

Մինչդեռ Մհեր Մակիչյանը պնդում է, որ, որպես խորհրդի նախագահ, լիազորություններ չունի ուղղակի խառնվելու որեւէ մեկի վարկային պարտավորությունների կատարմանը, պարզապես խորհրդին իրավունք է վերապահված որոշակի ոչ ստանդարտ պայմաններում որոշումներ կայացնելու․ «Ես, «Կրեդո ֆինանս» վարկային կազմակերպության խորհրդի նախագահ հանդիսանալով եւ Մհեր Մակիչյան ֆիզիկական անձ հանդիսանալով, ի պաշտոնե նրա որեւէ անշարժ գույքից ո՛չ տեղյակ եմ, ո՛չ առնչություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն ունեմ ունենալու։ Նա իր նախնական բաց նամակում փորձել է ինձ զրպարտել եւ վիրավորել, դրա հետեւանքով ես համապատասխան իրավաբանների հետ քննարկեցի, մենք վարույթ ենք սկսելու, վարույթ կսկսենք թե՛ քրեական օրենսդրության եւ թե՛ քաղաքացիական օրենսդրության շրջանակներում՝ զրպարտություն, վիրավորանք, նաեւ դրա հետեւանքները՝ համալսարանի, անձի արժանապատվությանը, բարի համբավին առնչվող նման հարցերով։ Ես ի պաշտոնե որեւէ գործառնական տեղեկատվության չեմ տիրապետում եւ իրավունք էլ չունեմ ձեզ տրամադրելու ո՛չ տոկոսադրույքների հետ կապված, ո՛չ միջնորդավճարների եւ այլն։ Դրանք հանդիսանում են բանկային գաղտնիքներ, բացի այդ էլ՝ իմ պարտականությունների մեջ այդ ինֆորմացիաներին տիրապետելը չի մտնում։ Ես պարզապես տեղյակ եմ, որ նա բազմիցս փորձել է մասնաճյուղից պարզաբանումներ խնդրել, նրան ներկայացրել են փաստաթղթերը, եթե դրանցից որեւէ մեկում ինչ-որ վիճահարույց բան լիներ, ապա դաշտում կա ֆինանսական համակարգի հաշտարար կամ այլ մեխանիզմներ, կան բազմաթիվ ճանապարհներ՝ բողոքարկելու, եւ, եթե իրեն ոտնահարված իրավունքներ կային, վերականգնելու։ Ես դրանք իրեն բազմիցս տեղեկացրել եմ, որ որեւէ մեկն իրավասու չէ մյուսին խաբելու, նրա վրա ավել միջոց հաշվարկելու եւ այլն, խնդիր չկա, ինքը կարող է գնալ եւ բողոքարկել, ասել, որ պայմանագիրն ապօրինի է կնքված, եւ այն մասնագետը, ով ներգրավված է դրա մեջ, անպայման պատասխան կտա»։

Նկատեցինք, որ կա համաձայնագիր, ըստ որի՝ Խաչատրյանը պարտավորվում է վճարել 2 մլն 250 հազար դրամ․ «Համաձայնագրի մասով կարող եմ ասել այնքանը, ինչքան ինքն արդեն հրապարակել է, եւ ինչքանով որ ինձ հետ առնչվում է՝ որպես խորհրդի նախագահի։ Բացի այն իրավասություններն ու պարտականությունները, որոնք դրված են խորհրդի վրա, ներքին կանոնադրությամբ եւ փաստաթղթերով նախատեսված է նաեւ որոշակի ոչ ստանդարտ իրավիճակներում որոշումներ կայացնելու իրավունք։ Վարկային կազմակերպության գործառնական մասն է որոշում տոկոսադրույքները, վարկային տեսակները եւ այլն, բայց կարող է որոշակի ոչ ստանդարտ իրավիճակում որոշում կայացնելու խնդիր լինի, եւ գործառնական մասը դիմի խորհրդին, ասի՝ ձեր համաձայնությունն ենք խնդրում, ենթադրենք, ինչ-որ մեկի վարկը զիջելու, ինչ-որ մեկին այս վարկային պրոդուկտից ավել վարկ տալու եւ այլն, այդպիսի իրավասություններ խորհրդին վերապահված են։ Կազմակերպությունը, ելնելով այն պատրաստակամությունից, որ ինքը պատրաստ է վարկային իր բեռի մի մասը միանվագ վճարելու՝ վարկային կազմակերպությանն էլ զերծ պահելով որոշակի գործընթացներից՝ գույքի իրացում եւ այլն, հաշվի առնելով այդ երկու պատճառը՝ վարկային կազմակերպությունը որոշում կայացրեց նրա վրա հաշվարկված տույժերը, որ կազմում են մոտ 5 մլն դրամ, զիջել նրան՝ պայմանով, որ նա այդ ընթացքում որոշակի մարումներ կատարի, այդ համաձայնագրի շրջանակներում նա պետք է կատարեր նշված պարտավորությունները։ Իր պարտավորությունները չի կատարել, համաձայնագիրը համարվել է չկատարված։ Հետեւաբար, պարտավորվածությունները չկատարելու հիմքով՝ պահպանվել են նախնական պարտավորվածությունները։ Բայց նա անընդհատ շահարկել է, թե ինչպե՞ս է 2 մլն դրամը դարձել 7 միլիոն, որպեսզի իր օգտին դիվիդենտներ շահի ու փորձի հրաժարվել նաեւ այդ 2 միլիոնից»։

Մհեր Մակիչյանին հարցրինք, թե ինչու է Խաչատրյանը հենց իրեն մեղադրում, չէ՞ որ, ինչպես ինքը նշեց, վարկային կազմակերպության գործառնական մասի հետ առնչություն չունի։ Բանից պարզվում է՝ Մակիչյանն ու Խաչատրյանն այլ գործով են առնչվել՝ մինչ «վարկային պատմությունը»․ «2014 թվականից, երբ որ այս վերոնշյալ անձը զբաղվում էր մեքենաների ներմուծմամբ, ես իր միջնորդությամբ ցանկացա մեքենա ներմուծել։ Կազմակերպություն ուներ, որը տեղակայված էր Մաշտոցի պողոտայում։ Իր ակնհայտ խարդախ վարքագծով նա 3 ամիս հանրապետությունից բացակայեց, իմ տված կանխավճարներն էլ այլ նպատակների էր ծառայեցրել, կոպիտ ասած՝ ինձ, որպես քաղաքացու, վնաս պատճառեց։ Երբ նրա հետ ծանոթացել եմ, նախ ասել եմ, որ կա վարկային կազմակերպություն, որ կարող է ներմուծման վարկավորում տրամադրել՝ մտածելով, որ վարկային կազմակերպությունն ու մեքենաներ ներմուծող ընկերությունը կկարողանան համագործակցել, լրիվ անշահախնդիր տեղեկատվություն եմ ես նրան տրամադրել։ Ինքը գնացել է, վարկը վերցրել է, բայց, որպես վարկային կազմակերպության խորհրդի նախագահ, ես էլի եմ կրկնում, այդ ամենի հետ որեւէ կապ չունեմ։ Երբ նա 3 ամիս հետո հանրապետություն վերադարձավ, եւ պարզվեց, որ նա ինձ խաբել է, իրեն ապահովագրելով, որ ես իր դեմ չեմ բողոքի՝ իմ պարտքերը վճարելու համար 2 մլն հավելյալ վարկ էր վերցրել, ընդամենը դա է եղել։ Ես որեւէ շահագրգռություն չեմ ունեցել, թե նա էդտեղից վարկ կվերցնի, թե չի վերցի»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X