Արժե՞ նահատակվել ԸՕ-ի համար

Եթե ընդհանուր հայտարարի բերելու լինենք ԸՕ փոփոխությունների շուրջ ծագած վիճաբանությունը (ես այլ խոսք չգտա այդ գզվռտոցը որակելու համար), ապա կարելի է ասել, որ նախագիծը քննարկող որոշ ուժեր դրա շուրջ դիրքավորվում են ոչ թե նորմալ ընտրություններ ունենալու գերակա շահով, այլ սեփական միապետ-լիդերի նկարով ԱԺ ընտրությունների գնալու նախահաշվարկներով:

Կառավարությունը («ՔՊ», «Ելք») կողմնակից է փակ ցուցակով գնալու կամ, որ նույնն է` Նիկոլ Փաշինյանի նկարով: Այս տեսակետին իր համաձայնությունն է հայտնել ՀԱԿ-ը, որովհետեւ մի ռահվիրա էլ ՀԱԿ-ն ունի` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի: ԲՀԿ-ն էլ դեմ չէ, որովհետեւ, հասկանում ես, Գագիկ Ծառուկյանի նկարով են ուզում գնալ ընտրությունների: Սա այնքան տրիվիալ է, որ նույնիսկ զավեշտի է վերածում ողջ քննարկումը: Այդ ուժերը, կարծես, ոչ թե խորհրդարանական ընտրությունների են ուզում գնալ, այլ առաջնորդների (այստեղ ճիշտ է ասել` վոժդերի) ընտրության: Այս խելքով էլ ուզում են Դանիել Իոաննիսյանի վտիտ ուսերի վրա ԸՕ իրենց նախագիծը սղղացնել, ինչը, մեղմ ասած, արդեն հեղափոխական չէ, եթե չասենք` վախկոտություն է:

Չէ, իսկապես, Նիկոլ Փաշինյանին ի՞նչ է տալու իր կուսակցության կարկառուն դեմքերով բաց ցուցակը, եթե այդ կարկառունները (թվարկե՞մ) մի քանի ամիս էլ չդիմացան գործադիրում եւ իրենց ցուցադրեցին բոլոր հարմար եւ անհարմար կողմերով: Տեր-Պետրոսյանին սեփական ցուցակով հատուկ շուք տալու համար հարկ կլինի կարգին չարչարվել: ՀԱԿ-ում արդեն ակտիվիստ էլ չի մնացել, որ հնաբույր դեմքերին նրանցով փոխարինեն: Բոլորն այժմ վազվզում են Նիկոլ Փաշինյանի շուրջը: Վստահաբար, Գագիկ Ծառուկյանին էլ առանձնապես սվիտա պետք չէ, որպեսզի նա գյուղերում քարոզարշավ անցկացնի: Ավելի հարմար է սեփական անձով ԲՀԿ-ն մտցնել խորհրդարան, իսկ հետո յուրայիններին ցուցակագրել ըստ նպատակահարմարության: Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը, որոնք առանց այն էլ միապետ են իրենց կուսակցություններում, փորձում են մնալ այդ «պաշտոնում», ինչպես Ալիեւը` Ադրբեջանի նախագահի աթոռին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այնտեղ դեռ չգիտեն էլ, թե ինչ են ուզում: Դավիթ Հարությունյանի խուճուճ մեկնաբանություններից նույնիսկ չի հասկացվում` մասնակցելո՞ւ են խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Նա խոսում է ինչ-որ տարբերակի մասին, որը հիշեցնում է ընտրությունների նախորդ` ռեյտինգային կարգը: Ըստ երեւույթին, դա ՀՀԿ-ի միակ հույսն է, որ ընդգծված միապետի բացակայության պայմաններում գոնե «ձայն բերող տղերքին» իր շուրջը պահի: Սակայն այդ տարբերակին ընդդիմանում են բոլորը, եւ Դավիթ Հարությունյանը հուսահատ հայտարարում է` լավ, գոնե Դաշնակցության տարբերակը թող մնա: Իսկ Դաշնակցության տարբերակը, ինչպես գիտենք, նույնպես չի ենթադրում որեւէ մեկի նկարով ընտրությունների գնալ, եւ այդ պատճառով էլ «ՔՊ», ՀԱԿ, ԲՀԿ «կուսակցական միապետներին» դուր չի գալիս: Ինչ-որ տեղ, եթե հաշվի առնենք, որ ՀՅԴ-ն ցանկանում է, որ ցուցակներում ընդգրկվի ողջ ՀՀ տարածքը, ռեյտինգայինի զգացողությունը մնում է, սակայն թուլանում է կուսակցական ղեկավարության ազդեցությունը նախընտրական ցուցակի վրա:

Եկեք հաշվարկենք ԸՕ նախագծի շուրջ ազդեցիկ քաղաքական ուժերի դասավորվածությունը, որը կարելի է պատկերել հետեւյալ կերպ` 3-1(պլյուս-մինուս 1): Կարիք կա՞ ժողովրդին հարցնելու, թե որն է իրեն ավելի սրտամոտ` Լեւոնը, Գագիկը, Նիկոլը, պատգամավորներ նշանակե՞ն, թե՞ ինքը` քաղաքացին որոշի` ում տանել խորհրդարան եւ ում չտանել: Եղած-չեղած` այս հարցն է այսօր քննարկվում, մինչդեռ էշ-նահատակների պակաս չկա, վիճում են, վիրավորում զմիմեանս:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X