Ո՞ր պաշտոնյաները չեն ներկայացրել հայտարարագիր

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովն այսօր կհրապարակի այն պաշտոնատար անձանց անունները, որոնք պետք է իրենց հայտարարագրերը ներկայացնեին սահմանված ժամկետում, բայց չեն ներկայացրել։ Էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը մեզ ասաց, որ օրենքի պահանջով՝ պաշտոնը ստանձնելուց հետո 30 օրվա ընթացքում պաշտոնյան պետք է ներկայացնի իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։ Եթե չի ներկայացնում, հանձնաժողովը սկսում է կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ։ «Առաջինը նախազգուշացում է կիրառվում, տրամադրվում է 30 օր, եթե 30 օրվա ընթացքում չի ներկայացվում, երկրորդ վարչական պատասխանատվության միջոցն է կիրառվում, որը հանգեցնում է տուգանքի 200 հազար դրամի չափով, եւ հավելյալ 30 օր ժամկետ է տրամադրվում։

Եթե այդ 30 օրվա ընթացքում էլ չի ներկայացվում, արդեն գործն ուղարկվում է Գլխավոր դատախազություն»,- ասաց տիկին Սահակյանը։ Եվ հիմա հանձնաժողովն ամփոփել է 2018 թվականին պաշտոնի ստանձնման հայտարարագրերի ներկայացվածության վիճակը, եւ մոտ 3 տասնյակ պաշտոնյաներ կան, որոնք այս պահին չեն տրամադրել պաշտոնի ստանձնման իրենց հայտարարագրերը։ Այդ պաշտոնյաների մեջ կան ինչպես նոր կառավարության օրոք նշանակված պաշտոնատար անձինք, օրինակ՝ փոխնախարարներ, կան նաեւ իրավապահ համակարգում աշխատող անձինք, որոնք վաղուց էին աշխատում, բայց հիմա այլ պաշտոնի են անցել եւ այլք։

Ցանկից ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մի քանիսի անունները թվարկեց Սիրանուշ Սահակյանը՝ վարչապետի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյան, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյան, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյան, «Վանաձոր» ՔԿՀ պետի տեղակալ Սարգիս Գինոսյան։ Կան նաեւ ոստիկանության բաժնի պետեր, ՔԿՀ աշխատակիցներ, մաքսային տեսուչներ եւ այլն։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ իրենք ե՛ւ կհրապարակեն այս անունները, ե՛ւ զուգահեռ վարչական վարույթներ կնախաձեռնեն այս անձանց մասով։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X