Գորիսի քաղաքապետը մամուլի խոսնակին փոխքաղաքապետ դարձնելու ցանկությո՞ւն ունի

Հուլիսի 25-ին Գորիսի ավագանու հերթական նիստին քննարկման է դրվելու Գորիս համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին նախագիծը ։Մեր ուշադրությունը գրավեց այն, որ ըստ նախագծի՝ հաստիքացուցակում նախկին մեկ փոխքաղաքապետի փոխարեն երկուսն է նշված։ Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայքում համայնքապետի տեղակալի մասով միայն նախկին 1-ը փոխարինվել է 2-ով ։

Փաստաթղթում հստակ երևում է, որ նոր հաստիքը նույնպես 210.000 դրամ աշխատավարձով է նախատեսված։ Համեմատության համար նշենք, որ Գորիս համայնքի ենթակայության տակ գտնվող մշակույթի, արվեստի, ՆՈՒՀ-երի տնօրեններն ու աշխատակիցները ստանում են մինիմալ՝ 55.000 դրամ աշխատավարձ։ Գորիսի համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այդ հաստիքին հավակնում է քաղաքապետ Առուշ Առուշանյանի մամուլի խոսնակ Իրինա Յոլյանը։

Մեր աղբյուրի խոսքերով՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշանյանը նեղ շրջանակներում նշել է, որ մամուլի քարտուղար Իրինա Յոլյանի աշխատավարձը շատ ցածր է, իսկ իրեն և նախկին ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանին հավատարիմ ծառայած Իրինա Յոլյանը արժանի է ավելի բարձր վարձատրության։ Մենք զանգահարեցինք քաղաքապետի մամուլի խոսնակին՝ տեղեկությունն անձամբ ճշտելու։

Մեր հարցին՝ արդյոք նա՞ է փոխքաղաքապետի թեկնածուն, պատասխանեց․«Ես հիմա ձեր հարցերին չեմ կարող պատասխանել, տեղս հարմար չէ, վաղը ուղիղ եթերով հետևեք ավագանու նիստին եւ կստանաք ձեր բոլոր հարցերի պատասխանը»,-հակիրճ նշեց նա։

Նշենք, որ Իրինա Յոլյանը մինչ այդ աշխատել է Ազատություն ռադիոկայանում և նրա ֆեյսբուքյան էջի աշխատանքի համար նախատեսված բաժնում էլ մինչ այժմ նշված է Ազատություն ռադիոկայանի անունը։

Հ․Գ․Նոր հաստիքի հետ կապված մի փոքր դիտարկում․ շուրջ 20-հազարանոց բնակչություն ունեցող փոքրիկ քաղաքի համար արդյոք շռայլությո՞ւն չէ երկու փոխքաղաքապետ ունենալը։

Մեկնաբանություն
X