Ռուսական 102-րդ ռազմաբազան հեռացրեց Գյումրու փողոցում տեղադրված արգելապատնեշները

>

Երեկ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատակիցները հեռացրին Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշները, որոնք ժամանակին տեղադրել էին իրենք:

Սա հատկապես արվել էր տարածքը տարանջատելու նպատակով: Գյումրեցիների ավտոմեքենաներն իրավունք չունեին կայանելու փողոցի այդ տարածքում: Որքան էլ արգելապատնեշների առկայությունը գյումրեցիների սրտով չէր, այնուամենայնիվ ռուս զինվորներին հակառակվել չէին համարձակվում: Հուլիսի 17-ի Փանիկի միջադեպից հետո Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալի հետ հանդիպման ընթացքում Փանիկի դեպքը քննարկելուց զատ, անդրադարձել է նաև այդ խնդիրին: Մարզպետը կարևորել է Շիրակացի փողոցի վրա տեղադրված բետոնյա արգելապատնեշների հեռացման, ինչպես նաև «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման խնդրի լուծումը:

Հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը վստահեցրել է, որ բարձրացված հարցերի վերաբերյալ կզեկուցի 102-րդ ռազմաբազայի հրամանատարին և մարզպետի հետ առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ հնարավորություն կլինի զրուցել դրանց լուծման համար ձեռնարկված քայլերի մասին: Երեկ արդեն առաջին քայլն արվեց: Շիրակի մարզի բնակիչների համար կարևոր է նաև «Կամխուտ» հրաձգարանի ցանկապատման հարցը, որը նույնպես պատուհաս է տարածքի բնակիչների համար:

Հիշեցնենք, որ 2013թ-ին Վահրամաբերդ գյուղից արեւելք գտնվող «Կամխուտ» հրաձգարան-պոլիգոնի տարածքում գյուղի բնակիչները գտան երկու երեխայի դի, նրանք զոհվել էին նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X