Մեր սերունդն է էս երկիրը կառուցել, բայց ոչ մի բանի տեր չեղանք

Խորհրդային խնայբանկում մեր պապերի կուտակած ավանդների մասին լսել ենք բոլորս։ Նրանցից մեկը՝ 78 ամյա Գրիշա Պետրոսյանը դիմեց «Հրապարակի» խմբագրություն՝ խնդրելով վաղուց մոռացված այս թեմային կրկին կենդանություն տալ։ Նախկին կառավարությունը այս թեմայով լուռ է եղել, Գրիշա Պետրոսյանը ակնկալում է, որ նոր կառավարությունը վերջնական լուծում կտա այս խնդրին։

Պարոն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բազմիցս է դիմել այդ հարցով, խորհրդային խնայբանկում 1965 թվականին 40 հազար ռուբլի գումար է ներդրել որպես ավանդ, համապատասխան փաստաթղթերն էլ հետն էր բերել․

«Ինչքան եմ բախել դրանց դռները, մեզ համար ժամանակ չունեին, բայց թալանի համար ժամանակ ունեին։ Ասել են, որ 85 տարեկանը լրանալուց հետո կհերթագրեն, եթե ունեցել ես հազար ռուբլի, ապա տալիս են 80 հազար դրամ, եթե հազարից ավել է, կոպեկներ են տալիս։ Օրինակ իմ 40 հազարին, եթե տային, կտային 340-350 հազար դրամ։ Բայց իմ 85 տարին կլրանա՞»։

«Վարչապետի հետ լավ ծանոթ եմ, «վայիվալի», ցույցերին ակտիվ մասնակցել եմ, ոչ թե շատերի նման թամաշա եմ արել, իրեն նամակ եմ գրել թղթի 2 էջերին մանրամասն ներկայացրել եմ պատմությունը։ Հիմա էն ժամանակներն է, որ ճշմարտությանը պետք է ուժ տան, ոչ թե նախկին թալանչի իշխանությունների նման։ Ես 5 տարեկան հասակից աշխատել եմ, հայրս պատերազմի մասնակից էր, մայրս, որ խոտը հնձում էր, ես հավաքում էի, բարդոց էինք ասում, դնում էինք դրա վրա, ես փոքրուց սկզբունքային, ճիշտ, չքծնվող, չհարմարվող մարդ եմ եղել»։

Գրիշա Պետրոսյանը իր հարևանի մասին էլ է մտածում․ նա էլ ունի չփոխհատուցված ավանդներ։ Նրա խոսքով՝ հենց իրենց սերունդն է կառուցել երկիրը, սակայն մնացել առանց որևէ բանի․

«Մեր սերունդն է էս երկիրը կառուցել, բայց ոչ մի բանի տեր չեղանք, մենք ստեղծեցինք, թալանչի «բեզդելնիկները», որոնք էս երկրի կառուցման համար մատը մատին չեն տվել, քանդեցին ու տարան երկիրը, որը ստեղծվել էր էսօրվա թոշակառուների ու ավանդատուների դառը քրտինքով»։

Մեկնաբանություն
X