Խորհրդարանական ուժերը չեն կարողանում կոնսենսուսի գալ

Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական ուժերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի, նաեւ կոնսենսուսի գալ եւ ԸՕ փոփոխությունների մեկ միասնական նախագիծ ներկայացնել կառավարությանը։ Կառավարությունն էլ, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, ուզում է ամբողջությամբ հրաժարվել, այսպես կոչված, ռեյտինգային համակարգից ու դրա հետ աղերս ունեցող որեւէ այլ ընտրակարգից՝ դրա փոխարեն առաջարկելով փակ ցուցակներով 100 տոկոս համամասնական ընտրակարգ։ Քաղաքական ուժերն էլ ուզում են կառավարության առաջարկը մի քիչ «դզեն-փչեն» ու իրենց ուզածով ներկայացնեն, որը չի լինի ամբողջությամբ համամասնական, այլ կտա հնարավորություն, որ մարզերի բնակիչները կարողանան որեւէ ձեւաչափով իրենց տարածքներից պատգամավոր ընտրել։ Ու ոնց պտտվում են, էլի գալիս կանգնում են ռեյտինգայինի կամ դրա մոդիֆիկացված որեւէ տարբերակի վրա։ Հատկապես ՀՀԿ-ն է այս հարցում ակտիվ, որ ձգտում է որեւէ կերպ ռեյտինգայինն առաջ «բրթել»։

ՀՀԿ-ի աշխատանքային խմբի անդամ Դավիթ Հարությունյանը մի խրթին տարբերակ է առաջարկում՝ երկու ցուցակներով, որը շատ նման է չարաբաստիկ ռեյտինգային համակարգին։ Բայց թե՛ խորհրդարանական ուժերը, թե՛ կառավարությունը եւ թե՛ հենց ռեյտինգայինի զոհ դարձած ու խորհրդարանից դուրս մնացած ՀԱԿ-ը հասկացել են ՀՀԿ-ի «դավադիր պլանները»։ Երեկ, օրինակ, Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն տարածեց, որով մի կողմից պաշտպանում է կառավարության առաջարկած փակ համամասնական տարբերակը, մյուս կողմից էլ համոզմունք հայտնում, որ «ՀՀԿ-ի կողմից առաջարկվող բաց համամասնական ընտրակարգը, իր մեջ ամբողջությամբ ներառելով մեծամասնական եւ ռեյտինգային ընտրակարգերի խորքային բովանդակությունը, ըստ էության դրանց քողարկված տարբերակն է, եւ այն միանշանակ անհրաժեշտ է մերժել»։

Խորհրդարանական ուժերի կողմից, սակայն, համեմատաբար ընդունելի է Դաշնակցության առաջարկած տարբերակը՝ ռեյտինգային, բայց հանրապետության ողջ տարածքով, ոչ թե առանձին մարզերով։ Այս տարբերակն էլ, սակայն, իր տեխնիկական բարդություններն ունի։ Երկու նիստ առաջ չորս ուժերով որոշեցին, որ պետք է իրար մեջ քննարկեին, ամեն մեկն իր տարբերակն առաջարկեր, գտնեին ոսկե միջինն ու մեկ ընդհանուր նախագիծ ներկայացնեին կառավարությանը։ Նախորդ նիստին, սակայն, այդպես էլ որեւէ նախագիծ չներկայացվեց, քանզի ընդհանուր հայտարարի գալ չէր հաջողվել։

«Դեռեւս որեւէ որոշում չկա»,- մեզ հետ զրույցում կարճ-կոնկրետ ասաց Դավիթ Հարությունյանը։ Նրա խոսքով, եթե իրենց տարբերակը մերժվի, եւ ընտրության հնարավորություն լինի, իրենց համար նախընտրելին Դաշնակցության տարբերակն է։ Մեր դիտարկմանը, թե տպավորություն կա, որ ՀՀԿ-ն մտադիր է նրբորեն առաջ մղել ռեյտինգային համակարգը՝ մի փոքր այլ կոնցեպցիայով, այդ մասին խոսեց նաեւ Նաիրա Զոհրաբյանը, Հարությունյանն ասաց․ «Դե, թող Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանի, նոր ես կկարողանամ… խոսքը «ռեյտինգային» բառի մասին չէ, որը սխալ է օգտագործվում, խոսքն այն մասին է, որ հանրությունը եւս կարողանա իր խոսքն ասել եւ ոչ թե ունենալ այս կամ այն փակ ցուցակը։ Դաշնակցության տարբերակը եւս նմանատիպ տարբերակ է»։

Իսկ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ՀՀԿ-ի առաջարկն իրենց համար կատեգորիկ մերժելի է։ «Քանի որ դա, ըստ էության, նույն ռեյտինգայինն է՝ «մուխլյոժները» մի քիչ ավելի շատացրած։ ԲՀԿ-ի համար Դաշնակցության առաջարկը կարող է սկզբունքորեն ընդունելի լինել, բայց այստեղ էլ այլ խնդիրներ կան։ Այստեղ ռիսկերը շատ մեծ են, որ որեւէ թեկնածու չի կարող ՀՀ բոլոր մոտ 2 հազար տեղամասերում ունենալ վստահված անձինք, դա օրենքն էլ թույլ չի տալիս, որպեսզի հենց նույն կուսակցության ներսում տվյալ ռեգիոնի «հեղինակություն» տվյալ ընտրատարածքում չվերցնի, եւ, ի վերջո, հանձնաժողովի համար մեծ խնդիր չէ, տրված է «Բարգավաճին», ենթադրենք, մնացածը, թե ներսում ինչ կլինի, մեկի քվեն կվերցնեն, կդնեն մյուսի վրա, դա կարող է շատ էական վերահսկողության խնդիր չլինել, ուստի էստեղ մանիպուլյացիաներ ու չարաշահումներ հնարավոր են։ Ուստի ես առաջարկեցի պարոն Ռուստամյանին․ եթե հնարավոր է հաշվարկի ընթացքում բացառել մարդկային գործոնը եւ այդկերպ հաշվել, թե տվյալ կուսակցության համամասնական ցուցակում ինչ առավելությամբ է տրվել ժողովրդի վստահության քվեն, OK, դա քննարկելի է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Իսկ ԲՀԿ-ի առաջարկն այն է, որ մարզային թեկնածուների քվոտավորում լինի, որը եւս հավանության չի արժանացել թե՛ կառավարության, թե՛ խորհրդարանական ուժերի կողմից։ Դե, եթե իրենց տարբերակն էլ է մերժվում, ուրեմն, Զոհրաբյանի խոսքով, իրենց համար առավել ընդունելի տարբերակը փակ համամասնական ցուցակն է, այսինքն՝ կառավարության առաջարկած մոդելը։

Մեր հարցին՝ եթե ԱԺ չորս ուժերն այնպիսի տարբերակ առաջարկեն, որը, ամեն դեպքում, որեւէ կերպ իր մեջ կպարունակի ռեյտինգայինի տարրեր, դա իրենց համար ընդունելի կլինի՞, ԸՕ բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն էլ հիշեցրեց կառավարության ծրագիրը, որով հստակ մերժվում է ռեյտինգային համակարգը։ «Հիմա որքանով է Դավիթ Հարությունյանի կամ Արմեն Ռուստամյանի առաջարկը ռեյտինգային կամ ոչ ռեյտինգային, որքանով է բխում կամ հակասում կառավարության ծրագրին, չգիտեմ, թող ձեւակերպեն առաջարկը, նայենք հասկանանք՝ հակասո՞ւմ է, չի՞ հակասում»,- ասաց Իոաննիսյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X