«Հրապարակ». Հեռանում են նաև «Օրակարգի» մեկնաբանները

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականում փոփոխությունները շարունակվում են: Ծրագրի նոր ղեկավարությունը որոշ լրագրողների եւ մոնտաժողների հաստիքները կրճատելուց հետո անցել է մեկնաբաններին: Մեր տեղեկություններով՝ Քրիստինե Մելքոնյանը «լուրերից» կտեղափոխվի «Օրակարգից դուրս» ծրագիր եւ կփոխարինի աշխատանքից ազատված Ագնեսա Խամոյանին: Աբրահամ Գասպարյանը կվարի միայն կիրակնօրյա «Օրակարգը», Շահանե Մեժլումյանի մասով դեռ կոնկրետ որոշում չկա: Լրատվականի անձնակազմը ցնցված է։

«Ինչպե՞ս կարելի է մի հարվածով ամենօրյա եթերից զրկել 3 փորձառու մեկնաբանի: Թե ինչ խնդիր են լուծում, չենք հասկանում, մեկնաբանն այն մարդը չէ, որին յուրայինով փոխարինելուց շահի եթերը: Սա ո՛չ սերնդափոխություն է, ո՛չ թարմացում: Սա հաշվեհարդար է»,- եզրակացրեց լրատվականի մեր աղբյուրը: Ըստ նրա՝ նոր մեկնաբանները կընտրվեն «քաստինգով»: Հանրայինի լրատվական եւ քաղաքական հաղորդումների նոր պատասխանատուն՝ Վահագն Թեւոսյանը, այս առիթով ասաց․ «Մենք դեռ քննարկումների փուլում ենք, ու քանի որ բոլորը եթերային մարդիկ են, երաշխավորում եմ՝ ոչինչ թաքուն չի մնա, եթերում կտեսնեք: Ամեն դեպքում 2 բան եմ ուզում շեշտել:

Նախ ուզում եմ հստակ արձանագրվի, որ ցանկացած կրճատում կամ փոխատեղում ունեցել է իր հիմնավոր պատճառները, եւ դրանք բացատրվել են բոլորին ու օբյեկտիվ են, անձնային հարաբերություններով չպայմանավորված: Ասեմ ավելին․ բոլորին շատ հարգում եմ ու կարծում եմ՝ շատ մարդկային ենք խոսել միմյանց հետ: Եվ երկրորդ բանը, որ կուզեի արձանագրվեր՝ եթե հանրությունն ակնկալում է փոփոխություններ եթերում, պիտի հանդուրժի նաեւ փոփոխություններ եթերը կազմակերպող մարդկանց կազմում կամ պարտականություններում: Այլ կերպ անհնար է»:

Մեկնաբանություն
X