Ոչ մի անկախություն

Դատական համակարգի ներկայացուցչի հետ զրույցս դատարանների անկախության թեմայով էր։ Նա զարմացած էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, որը կարծում է, թե դատական համակարգն արդեն ազատագրվել է, եւ Բաղրամյան 26-ից դատավորին «չզանգելու» հանգամանքը բավարար է, որ նա իրեն անկախ զգա եւ ծառայի միայն օրենքին։ Մինչդեռ իրենց անկախությունը կազմված է 100 կոմպոնենտից։

Դրանցից միայն մեկն է «Բաղրամյան 26-ի հեռախոսազանգերը», էլ չենք խոսում, որ զանգեր արվում են ոչ միայն «Բաղրամյան 26-ից»։ Դատավորներն առհասարակ վախեցած են, կախված ամեն ինչից, բայց ոչ օրենքից։ Նրանց նկատմամբ կարող են ցանկացած պահի վարույթ հարուցել եւ պատժել՝ հիմք ընդունելով ցանկացած վրիպում։ Իրենք ցածր աշխատավարձ են ստանում․ 500 հազարը բավարար չէ լիարժեք անկախության համար, իսկ դատական համակարգը միակն է, որից չի կարելի խնայել։ Դատարաններն աղետալի նյութատեխնիկական ապահովում ունեն՝ սկսած աշխատանքային պայմաններից, վերջացրած դատական գործերի արխիվացման եւ այլ հարցերով։

Աշխատում են 90-ականների համակարգիչներով, թուղթ ու գրիչն անգամ դատավորներն են գնում՝ իրենց անձնական միջոցներից։ Եվ ամենակարեւորը՝ անասելի ծանրաբեռնված են։ Եթե մի դատավորի վարույթում 500-ից մինչեւ 1500 գործ կա, ի՞նչ որակի մասին կարող է խոսք լինել։ Եվ դա գալիս է նրանից, որ դատավորների քանակը խիստ պակաս է։ Ինչ վերաբերում է վերջին շրջանի դատական վճիռներին, ապա ուշադիր մարդն այստեղ էլ կհայտնաբերի դատական համակարգի կախյալության բազում ապացույցներ․ եթե ՊՊԾ գունդը զենքով գրաված մարդկանց բաց են թողնում եւ Մասիսի քաղաքապետին կալանավորում՝ նման սակավ ապացույցներով, կնշանակի դատավորները կա՛մ ուղղորդվում են ինչ-որ տեղից, կա՛մ գուշակում են իշխանությունների հրահանգը։

Մեկնաբանություն
X