Վաչագան Ղազարյանը ցուցմունք չի տալիս

ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որը մեղադրվում է դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու /պաշտոնեական կեղծիքի/ և ապօրինի հարստանալու համար, մինչ օրս հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Այս մասին հայտնեց «Հրապարակի» աղբյուրը իրավապահ շրջանակից։ Վաչագան Ղազարյանի շահերը պաշտպանող փաստաբան Արմեն Հարությունյանը չի շտապում մանրամասներ հաղորդել։

Նա միայն ասաց մեզ, որ որ Վաչագան Ղազարյանը 1 մլրդ դրամ գրավը չի մուծել։ «Գրավի գումարը չենք մուծել։ Այժմ ուսումնասիրում ենք խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը, որից հետո հայտարարությամբ հանդես կգանք», - ասաց Արմեն Հարությունյանը։ Վարույթն իրականացնող մարմնից, ՀՔԾ-ից հայտնեցին․ «Վաչագան Ղազարյանը շարունակում է մնալ անազատության մեջ։ Գրավի կիրառման համար որևէ ժամկետ օրենքով նախատեսված չէ»։

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի, Վաչագան Ղազարյանը չի հայտարարագրել առանձնապես խոշոր չափերով գույք՝ 460.000.000 ՀՀ դրամի, 1.272.900 ԱՄՆ դոլար եւ 218.000 եվրո։ Վաչագան Ղազարյանի մեղադրանքը, որը սահմանվում է քրեական օրենսգրքի 310․1 հոդվածով, մեր քրեական պրակտիկայում նոր է։ Այս հոդվածով ոչ ոք չի դատապարտվել, և չի բացառվում, որ քննիչները դրա կիրառման հետ կապված բարդություններ ունենան։ Ապօրինի հարստացման փաստը հիմնավորելու համար քննչական մարմինը պետք է ապացուցի, որ 2017 թվականին Վաչագան Ղազարյանը թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափը և նրա գույքի ավելացումը էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանով։ Իսկ մինչ այդ հանրությունն արդեն կասկածի տակ է դնում Վաչագան Ղազարյանին պատժելու մտադրությունը, իսկ նրան բռնել-բաց թողելը՝ անլուրջ և ծիծաղելի քայլ։

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X