Սփյուռքի նախարարի սպասվելիք այցն ԱՄՆ արդեն պառակտել է հայ համայնքը

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նախատեսում է պաշտոնական այց կատարել ԱՄՆ՝ հանդիպելու տեղի հայ համայնքի հետ։ Չնայած որ սփյուռքի նախարարի մամուլի խոսնակ Նունե Այլանջյանն այցի ժամանակացույցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրում՝ ասելով, որ նախարարն իր ֆեյսբուքյան էջով կտեղեկացնի, բայց սփյուռքում արդեն իսկ «փոթորիկ» է հասունանում։ ԱՄՆ հայ համայնքի մեր աղբյուրները հաղորդում են, որ նախարարի հանդիպումը համայնքի հետ կազմակերպում է ՀՅԴ-ն, նրան հարող և նրա ենթակայության տակ գտնվող մի շարք կազմակերպություններ, ինչը հարուցել է սփյուռքում գործող մյուս ավանդական կուսակցությունների և կազմակերպությունների զայրույթը։ Ամերիկահայ համայնքից մենք նամակ ենք ստացել․

«Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի այցելությունը արդեն իսկ պառակտել է Լոս-Անջելեսի հայությանը։ Անհասկանալի պատճառներով, նրա հրապարակային հանդիպման կազմակերպումը վստահվել է Հայ հեղափոխական դաշնակցությանը, նրան հարող և ենթակայության տակ գտնվող մի շարք կազմակերպությունների ու միությունների։ Շատ զարմանալի է, որ նկատի չեն առնվել ավանդական մյուս կուսակցությունները, ՀԲԸՄ-ն, Միացյալ Հայ Երիտասարդներ կազմակերպությունը և բոլոր այն միավորներն ու անկախ հասարակական միությունները, որոնք ամենօրյա պայքարով ու ցույցերով սատարեցին Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական հեղափոխությունը։ Այս կոպիտ բացթողումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել համայնքում և շատերը զարմացած են այս անթուլատրելի արարքից։ Ինչպե՞ս կարելի է Սփյուռքի նախարարի առաջին այցելությանը տալ այսպիսի հատվածական բնույթ, վիրավորելով և անտեսելով մնացած կազմակերպություններին և նման պառակտում մտցնել այս հայաշատ համայնքում։ Խստորեն դատապարտելի այս արարքը պետք է լուսաբանվի և գնահատական ու բացատրություն տրվի մամուլում, Հայաստանի կառավարությունում, Սփյուռքի նախարարությունում և հնարավորինս արագ լուծում տրվի նման անթուլատրելի ձեռնարկներին։

Հայաստանի Հանրապետությունը համայն հայության պաշտելի օրրանն է, և նման ուղղորդումները պետք է դադարեցվեն ու դատապարտվեն պետական մակարդակով»,- իրենց նամակում նշել են Լոս Անջելեսի՝ համաժողովրդական հեղափոխությանը սատարած կազմակերպությունների ներկայացուցիչները։

Սփյուռքի նախարարությունից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ է հենց ՀՅԴ-ին վստահվել հանդիպման կազմակերպումը, եւ դա այն դեպքում, երբ սփյուռքում ավանդական կուսակցությունների միջև հարաբերությունները լարված են։ Մեզ ասացին, որ ՀՅԴ-ն չի կազմակերպելու այցը։ Հարցը հստակեցրինք, որ ոչ թե նախարարի ուղևորությունն է կազմակերպում ՀՅԴ-ն, այլ հանդիպումը տեղի հայ համայնքի հետ․

«Դուք երևի պոստերներն եք տեսել Փասադենայում և այլն, պոստերների վրա տարբեր կազմակերպությունների լոգոներ կան՝ ՀՄԸՄ և այլն, այո, կա այդպիսի բան, իսկ առանձին որ իրենք կազմակերպեն՝ ոչ։ Ավել բան չեմ կարող ասել, քանի որ պետք է մամուլի հաղորդագրություն տանք»։

Նշենք, որ ՀՄԸՄ՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ՀՅԴ-ի կառույցներից է։

Մեկնաբանություն
X