Ֆրանսիան փոխվու՞մ է

Իլհամ Ալիեւի փարիզյան այցը շարունակում է մնալ ադրբեջանական մաս-մեդիայի եւ փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում: Բոլոր մեկնաբանություններում առանցքային է այն շեշտադրումը, որ չնայած Հայաստանի հետ Ֆրանսիայի ավանդական բարեկամական կապերին, դրանք ավելի շատ հռչակագրային կամ մեծամասամբ հումանիտար բնույթի են, իսկ ահա ֆրանս-ադրբեջանական հարաբերություններում գերիշխող է գործնականությունը:

Նշվում է, որ Ադրբեջանում ֆրանսիական ներդրումները հատել են երկու միլիարդ դոլարի սահմանը, եւ միտումն այն է, որ երկկողմ առեւտրատնտեսական կապերը գնալով ավելի են խորանում: Ադրբեջանցի մեկնաբանները չեն թաքցնում, որ դա հույս է ներշնչում, որ Ֆրանսիան կփոխի Լեռնային Ղարաբաղի հարցում մոտեցումները: Բաքվում առանձնահատուկ ուշադրության է արժանացել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, որ իր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել՝ հասնելու ԼՂ խնդրի խաղաղ-բանակցային կարգավորմանը: Տպավորություն է, որ Ադրբեջանում Ֆրանսիայի հնարավոր դերակատարության հետ զգալի հույսեր են կապում, իսկ ռուսաստանցի մեկնաբան Տրոֆիմչուկը նկատել է տալիս, որ Ալիեւի փարիզյան այցը Ֆրանսիան Հայաստանից հեռացնելու բաց նպատակ էր հետապնդում:

Ինչպես հայտնի է, Ալիեւի փարիզյան ուղեւորությունը հաջորդեց Բրյուսելում Ֆրանսիայի նախագահի եւ Հայաստանի վարչապետի կարճատեւ հանդիպմանը: Այս առումով խիստ ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահի հետ բանակցելու պատրաստակամության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն օրը, երբ Ադրբեջանի նախագահը Փարիզում հանդիպում էր Ֆրանսիայի նախագահին: Որեւէ կապ կա՞ Ալիեւի փարիզյան ուղեւորության եւ նրա հետ բանակցելու պատրաստակամության մասին վարչապետ Փաշինյանի հայտարարության միջեւ՝ կարելի է միայն ենթադրել: Աշնանը Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան: Ռուսական փորձագիտական շրջանակներն արդեն իսկ տեղեկատվական արտահոսք են կազմակերպում, թե սեպտեմբերի առաջին օրն սպասվող՝ Պուտին-Ալիեւ հանդիպմանը, շատ հնարավոր է, քննարկվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու հարցը: Մակրոն-Ալիեւ բանակցություններում այդ թեման շոշափվե՞լ է: Հայաստանի վարչապետի հետ Բրյուսելում առաջին շփման ընթացքում Ֆրանսիայի նախագահը ԼՂ խնդրի հետ կապված որեւէ ակնարկ արե՞լ է: Ֆրանս-ադրբեջանական գործարար կապերը կարո՞ղ են փոխել պաշտոնական Փարիզի մոտեցումները:

Մեկնաբանություն
X