Քաղաքականություն

Որոշ ժամանակ անց կհստակեցվի, թե մեսիջը որտեղից էր․ քաղաքագետ

Հուլիսի 17-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները՝ առանց զգուշացման, Շիրակի մարզի Փանիկ գյուղում զորավարժանք էին իրականացրել: Հնչած պայթյուններն ու կրակոցները բնակիչների մոտ վախ են առաջացրել, քանի որ զորավարժանքի մասին ոչինչ չեն իմացել: Այս միջադեպը հերթական անգամ հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալու առիթ դարձավ ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն անվանեց սադրանք։ Ինչպիսի՞ն կլինի ՌԴ-ի պահվածքը հետագայում ՀՀ-ի նկատմամբ, արդյո՞ք կլինեն նմանատիպ սադրանքներ։ «Դժվար է ասելը՝ Ռուսաստան ասելով մենք նկատի ունենք պաշտոնական Մոսկվա՞ն, թե՞ ոչ պաշտոնական Մոսկվան եւ մերձկրեմլյան որոշակի շրջանակներ։ Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց կհստակեցվի թե այդ մեսիջը որտեղից է։

Սակայն եթե այն ոչ պաշտոնական շրջանակներից է, դա արդեն խնդրահարույց է, նշանակում է, որ ռուսական ռազմաբազայում քաոտիկ վիճակ է։ Դա արդեն պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը չէ։ Ամեն դեպքում հնարավոր է, որ տրամադրությունների շոշափման նպատակ ուներ այդ զորավարժանքը, եւ մենք տեսանք, թե ինչ արձագանք գտավ այն Հայաստանում։ Հավանականությունը մեծ է, որ ՌԴ-ն փորձում է հասկանալ, թե որքանկարող է խորանալ տարածաշրջանում, որքան կոշտ կլինի ՀՀ-ի արձագանքը, եթե ՌԴ-ն ցանկանա ավելի խորանալ։ Նաեւ՝ կարող է փորձ արվել՝ զգուշացնելու Հայաստանի իշխանություններին, որ եթե ՀՀ իշխանությունները թեքվեն դեպի արեւմուտք, ապա դա դուր չի գա ՌԴ-ին։

Խոսվել է, իհարկե, այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի չեն ունենալու շրջադարձային փոփոխություններ, բայց կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Եվ ռուսաստանյան որոշակի շրջանակներ փորձում են հասկանալ, որ եթե այդ խնդիրները չլուծվեն, ապա ինչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանն այդ դեպքում։ Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները հստակ ցույց են տալիս, որ ազգային շահերը պաշտպանելու առումով չեն լինելու նահանջողական, հաստատակամ են, եւ ՌԴ-ն հենց ինքն է շահագրգռված, որ այս տարածաշրջանում լինի կայունություն, չլինի պատերազմ։ Եվ Հայաստանն էլ ամենաբարձր մակարդակով հայտնած իր մեսիջներով ՌԴ-ին ցույց է տալիս, որ այդ երկրի շահերից է բխում մեր տարածաշրջանի կայունությունը։ Եվ Հայաստանն էլ չի հանդուրժի, եթե որեւէ պետություն գործի իր շահերի դեմ։ Միաժամանակ Հայաստանը պատրաստ է խորացնել իր հարաբերությունները ՌԴ-ի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

Մեկնաբանություն
X