Իրավունք

Սերժի Վաչոն չի մուծել եւ դեռ պարզ չէ, թե երբ կմուծի 1 միլիարդ դրամ գրավը

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն, դեռ չի մուծել 1 միլիարդ դրամ գրավը, որի դիմաց ազատ է արձակվելու։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա շահերի պաշտպան Արմեն Հարությունյանը՝ նշելով, որ այս պահին ոչինչ չի կարող ասել։

«Ոչ, դեռ չի մուծել գրավը, չգիտեմ՝ երբ կմուծի, իրավունք էլ չունեմ այդ մասին ասելու։ Մենք դատական ակտը կուսումնասիրենք, դրանից հետո՝ եկող շաբաթվա վերջում, հանդես կգանք հայտարարությունով»,-նշեց պաշտպանը՝ չմանրամասնելով, թե պահանջվող գրավի վերաբերյալ ինչ դիրքորոշում է հայտնել Վաչագան Ղազարյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեկան դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ Վաչագան Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր եւ նա 1 միլիարդ գրավի դիմաց ազատ կարձակվի։

Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 25.06.2018թ.-ին ձերբակալված Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X