ՀԺԿ-ն էլ դեռ որոշում չի կայացրել

Երեւանի ավագանու ընտրությունները, ինչպես նաեւ՝ Էջմիածնի, Կապանի, Հրազդանի քաղաքապետի ընտրություններն առաջին հերթին փորձաքար են դառնալու նախկինում բազմամարդ հանրահավաքներ հրավիրած, իսկ հետո իշխանությունների հալածանքների պատճառով լուսանցքում հայտնված եւ քաղաքական ակտիվ գործունեությունից կտրված կուսակցությունների համար։

Եթե մինչեւ իշխանափոխությունը ՀՀԿ-ն էր իր հաստատած մենաշնորհով նրանց խանգարում ինքնադրսեւորվել, մասնակցել Երեւանի ավագանու կամ համայնքապետի ընտրություններին, ապա այսուհետ այդ խոչընդոտը վերացված է։ Եվ եթե նրանք մասնակցեն ու հաղթեն որոշ համայնքներում, ինչո՞ւ ոչ՝ նաեւ Երեւանում, ապա կարող են ապահովել կուսակցական բազմազանություն եւ դառնալ հակակշիռ իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Պարզվում է, սակայն, որ ինչպես «Հայ ազգային կոնգրես»-ում, այնպես էլ Հայաստանի ժողովրդական կուսակցությունում չեն շտապում այդ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել։ «Եթե ունենանք համապատասխան մարդիկ, ապա կմասնակցենք այդ ընտրություններին։ Դեռ չենք քննարկել այդ հարցը, կքննարկենք՝ կասենք»,- ընտրություններին մասնակցության վերաբերյալ մեր հարցին այսպես արձագանքեց ՀԺԿ նախագահ Գրիգոր Հարությունյանը, որն այս օրերին իր հանգիստն է անցկացնում հայրենի Մեղրիում։ Մեր ճշտող հարցին, թե ինչ պարբերականությամբ է ՀԺԿ-ն քննարկումներ հրավիրում, Գրիգոր Հարությունյանն արձագանքեց․ «Այսօրվա դրությամբ քննարկումներ չեն եղել»։

Մեկնաբանություն
X