Հայկ Արտյոմիչը արգելել է դատապարտյալներին օդորակիչներ ունենալ

Այս ամռանը Հայաստանի կալանավայրերում, հատկապես փակ ռեժիմով պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար դժոխային պայմաններ են: Դրանք լրացուցիչ պատիժ են դատապարտյալների համար: Դատապարտյալների հարազատները հայտնում են «Հրապարակին», որ բերդերում չկա ջուր: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ջուրը միացնում են օրվա մեջ երկու անգամ՝ մեկ-մեկուկես ժամով: «Առավոտյան 10-ից 11 ջուր ունեն և երեկոյան 19.00-ից մինչև 20.30: Խցերում պլաստիկից շշեր են պահում, որ ջուր հավաքեն», - գանգատվեց դատապարտյալներից մեկի եղբայրը:

«Արմավիր» ԿՔՀ-ում վիճակը մի քիչ ավելի բարվոք է: 24 ժամվա ընթացքում դատապարտյալներին չորս և նույնիսկ ավելի ժամ ջուր է տրվում՝ 12.30-ից մինչև 14.00 և երեկոյան 19.00-ից մինչև 21.00: Սակայն ջրի բացակայությունից առավել, մարդկանց տանջում է շոգը: Միջանցիկ քամու հնարավորություն չկա: Անգամ ջրի խողովակների վրա հավաքվող զով կաթիլները ոսկու գին ունեն: Դատապարտյալները փռում են սրբիչները սանհանգույցի խողովակներին, որ չկորցնեն դրանց վրա հավաքվող զով կաթիլները: «Նուբարաշենի» կլորում երանությամբ են հիշում այն ժամանակները, երբ խցերում օդորակիչներ կային: Դրանք բերում էին դատապարտյալների հարազատները: Կալանավայրերի վարչության պետ Հայկ Հարությունյանի օրոք այդ հաճույքը, որն, իհարկե, ոչ բոլորին էր հասանելի արգելվեց: Խցերից օդորակիչները հանվեցին: Դրանց օգտագործումը դատապարտյալներին արգելվեց:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X