Սերժ Սարգսյանի եղբայրը դեռևս Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է

Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ, չնայած Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն նա շարունակում է ՀՀ արտգործնախարարությունում զբաղեցնել նաեւ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, որում նշանակվել էր Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ դառնալուց հետո։ Սակայն Լեւոն Սարգսյանի անվանը մենք հանդիպում ենք նաեւ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում։

Նա շարունակում է մնալ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այդ կազմում պահպանվել են նաեւ կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Վ․ Ստեփանյանի, ՀՀ նախագահի նախկին օգնական Ա․ Բերբերյանի, մշակույթի նախարարի նախկին տեղակալ Ն․ Տեր-Վարդանյանի անունները։ Մատենադարանի լրատվական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե իշխանափոխությունից երկու ամիս անց ինչու են պահպանվել նախկին պաշտոնյաների անունները հոգաբարձուների խորհրդի կազմում։ «Շուտով, ամսվա վերջին տեղի է ունենալու Մատենադարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ օրակարգում ընդգրկված է լինելու Մատենադարանի կանոնադրության մեջ փոփոխություններ, ճշգրտումներ կատարելու հարցը, հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը, իսկ դրանից հետո էլ կառավարությունը կներկայացնի հոգաբարձուների նոր խորհրդի նոր, անհատական անվանացանկը»,- մեր հարցին այսպես պատասխանեցին լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, Հատուկ քննչական ծառայությունը տարածեց հայտարարություն, համաձայն որի՝ «Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Լյովա Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբայր-խմբ) և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Սարգսյանի որդուն` Նարեկ Սարգսյանին»։

Մեկնաբանություն
X