Փաշինյանի «հարգանքն» ու ակնարկները՝ ներկա ու նախկին նախագահների մասով

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին ներկա էր ավելի քան 50 լրագրող։ Կառավարության լրատվականը հավատարմագրել էր ՀՀ-ում գործող կարծես թե բոլոր լրատվամիջոցներին՝ լուսաբանելու վարչապետի մոտ երկուսուկես ժամ տեւած ասուլիսը։ Նման լայնամասշտաբ ասուլիս՝ առաջին դեմքի մակարդակով, Հայաստանում վերջին անգամ տեղի էր ունեցել մեկ էլ, հավանաբար, 1997 թվականին, երբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր հրավիրել բոլոր ԶԼՄ-ներին՝ անգամ ամենաընդդիմադիր եւ իրեն ամենասուր քննադատող։ Դրանից հետո եւ ոչ մի ղեկավար համարձակություն չունեցավ նման լայն ֆորմատով հանդիպել լրագրողների հետ։ Մեկ էլ վարչապետ Կարեն Կարապետյանը մի անգամ համեմատաբար լայն կազմով լրագրողների առաջ հանդես եկավ, որը դարձյալ բացառիկ էր։ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերի շրջանակը շատ լայն էր՝ ներքաղաքական թեմաներից, քրեական գործերից մինչեւ արցախյան հիմնահարց ու արտաքին քաղաքականություն։ Քանի որ դրանց բոլորին չենք կարող մեկ հոդվածում անդրադառնալ, հատկապես՝ վարչապետը շատ հարցերի շուրջ արդեն խոսել էր անցյալում, ուստի կներկայացնենք այն հարցը, որը հնչեցրեց «Հրապարակի» լրագրողը, եւ որն իր մեջ պարունակում է ինչպես սահմանադրական, այնպես էլ քաղաքական բաղադրիչ։

Մենք Նիկոլ Փաշինյանին հիշեցրինք, որ հանգամանքների բերումով այսօր ինքը կրում է այն սուպերվարչապետական լիազորություններով «պատմուճանը», որը Հրայր Թովմասյանը «կարել» էր հատուկ Սերժ Սարգսյանի հագով։ Փաշինյանը նախ կատակեց․ «Սազում ա, հա՞»։ Մենք էլ էինք դա ուզում հասկանալ՝ սազո՞ւմ է Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական կոստյումն իրեն, հարմարավե՞տ է զգում դրա մեջ, չէ՞ որ Փաշինյանը դեռ պատգամավոր եղած ժամանակ մշտապես քնադատում էր այս հանգամանքը, որ ՀՀԿ-ն Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի «հագով է կարել»՝ նրան օժտելով անսահմանափակ լիազորություններով։ Հիմա, փաստորեն, այդ լիազորություններից օգտվողը հենց ինքն է՝ Փաշինյանը, այժմ մտադի՞ր է օրենսդրական փոփոխություններ կատարել եւ հրաժարվել այդ սուպերվարչապետական համակարգից եւ բալանսավորել վարչապետի եւ նախագահի լիազորությունները։

«Այո, միանշանակ՝ այո, բայց ես ուզում եմ ասել հետեւյալը․ ես նոր խոսում էի, որ մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի, օրինակ, ոստիկանական համակարգի, քննչական համակարգի, այլ պետական համակարգերի կայունությունը չխաթարենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ բալանսավորումը մի օրում չի կարող տեղի ունենալ։ Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի եւ վարչապետի միջեւ լիազորությունների բալանսավորմանը, Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց այս ձեւակերպման հետ․ «Իսկ ո՞վ է ասել, որ բալանսավորումը պետք է տեղի ունենա նախագահի եւ վարչապետի միջեւ»։ Ապա մեզ հարց ուղղեց․ «Հիմա Դուք, օրինակ, գիտե՞ք, թե ով է Գերմանիայի Դաշնության նախագահը»։ Այո, գիտենք՝ նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ «Հա, շնորհավորում եմ Ձեզ էդ կապակցությամբ, որովհետեւ շատերը չգիտեն։ Ձեզ խորհուրդ եմ տալիս «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին մասնակցել։ Հաջողություն կունենաք անպայման»,- կատակեց վարչապետը՝ հասկացնելով, որ նախագահի լիազորություններն ընդարձակելն իր օրակարգում չէ։

Այնուհետեւ անդրադարձավ նախագահի լիազորություններին, որից զգացվեց նաեւ նրա եւ նախագահ Արմեն Սարգսյանի միջեւ առկա անթաքույց մրցակցությունն ու լարվածությունը, ինչի մասին գրում է մամուլը։ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ խորհրդարանական համակարգում նախագահն ունի ընդամենը արարողակարգային գործառույթներ, եւ բալանսավորումը պետք է տեղի ունենա ոչ թե նախագահի եւ վարչապետի միջեւ, այլ կառավարության, Ազգային ժողովի, դատական իշխանության։ «Եթե որեւէ մեկը մտածում է, որ որեւէ երկրում պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, դա պետության վերջն է»,-ասաց Փաշինյանը՝ փաստացի հասկացնելով, որ երկրում «ասողն» ինքն է, իսկ Արմեն Սարգսյանը թող շարունակի պաղպաղակ ուտել, բարբեքյու սարքել եւ ուղերձներ հղել, երբեմն էլ օտարերկրյա անմեղ գործուղումների մեկնել, բայց միայն իր հետ համաձայնեցնելուց հետո։

«Չնայած ես չեմ բացառում կամ կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նախագահի ինստիտուտի համար եւս մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելացվեն»,- ասաց Փաշինյանը՝ վերջնականապես զրոյացնելով նախագահի ինստիտուտը։ Իսկ ե՞րբ պետք է սկսվի այդ բալանսավորման գործընթացը, եթե, իհարկե, պետք է լինի՝ մինչեւ ընտրություննե՞ր, թե՞ դրանից հետո։ Ի վերջո, ընտրություններին այս սուպերվարչապետությունը կարող է որպես վարչական ռեսուրս օգտագործվել՝ հօգուտ Փաշինյանի։ «Հընթացս»,- ժամկետ չնշեց Փաշինյանը։ «Ես կարծում եմ, որ մինչեւ ընտրությունները մենք դրամատիկ քայլերի շատ չենք գնա, որովհետեւ, ի վերջո, տեղի է ունեցել մի իրադարձություն, եւ կարծում եմ, որ այսօր կառավարությունն ունի մանդատ՝ իրականացնելու հեղափոխության բոլոր նպատակները։ Մենք մեզ պարտավորված ենք զգում ժողովրդի տված մանդատն իրագործել, այդ թվում եւ սուպերվարչապետական համակարգը քայլ-քայլ վարչապետական կառավարման համակարգի վերածելու համար, եւ մենք դա անպայման կանենք»,- անորոշ եզրափակեց «սուպերվարչապետը»։ Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կվայելեն Սերժ Սարգսյանի ճաշակով ու պահանջներով ստեղծված սուպերվարչապետական համակարգի լայն լիազորությունները։

Բայց նախագահի ինստիտուտի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի մրցակցային վերաբերմունքն այսքանով չավարտվեց։ Եթե գործող նախագահ Արմեն Սարգսյանի հետ Փաշինյանը գտնվում է վերադաս-ստորադաս հարաբերությունների մեջ, ապա ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցում, ում հանդիպել էր օրեր առաջ, Փաշինյանը հին «վեճ» ունի։ Նա, անդրադառնալով իր եւ Տեր-Պետրոսյանի հանդիպմանը, թեեւ օգտակար գնահատեց իրենց զրույցը, բայց շեշտեց, որ հանդիպման նախաձեռնողը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինքն էլ նրան հրավիրել է կառավարական ամառանոց, որտեղ ՀՀ առաջին նախագահը նրան փորձել է հայտնել տեղեկություններ արցախյան հարցի վերաբերյալ՝ կարծելով, թե Փաշինյանը չի իմանա։ «Դա շատ օգտակար զրույց էր, բայց ես ասեմ, որ ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռեւս հայտնի չէին։ Այսինքն՝ էն, ինչ որ ինձ ինքը հայտնել է, ամեն ինչ ինձ հայտնի էր»,- ասաց Փաշինյանը՝ հասկացնելով, որ Տեր-Պետրոսյանը զուր է այցելել իրեն, ինքը դրա կարիքը փաստացի չի ունեցել։ Փոխարենը Փաշինյանն ունեցել է Սերժ Սարգսյանի ժամանակ ամենաքննադատված ու մերժելի նախարարներից մեկի՝ Էդվարդ Նալբանդյանի խորհուրդների ու ինֆորմացիայի կարիքը, դրա համար էլ, ինչպես նշեց, իր՝ վարչապետ նշանակվելուց հետո նորանշանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպել է Նալբանդյանին, որտեղ նախարարը տեղեկություններ է տվել իրեն Արցախի խնդրի վերաբերյալ։ Ըստ էության, Նալբանդյանն ինստրուկտաժ է արել Նիկոլ Փաշինյանին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X