Ինքնիշխանության ձգտելիս

Մի կողմից, անշուշտ, լավ է, երբ քեզ հզոր, ինքնիշխան, կայացած երկրի քաղաքացի ես զգում։ Երկիր, որին ոչ ոք չի կարող ոչինչ թելադրել, որն ազատ է իր որոշումների ու կողմնորոշումների մեջ։ Երկիր, որի նախագահին ու վարչապետին հարգանքով են ընդունում դրսում, եւ որոնք լեգիտիմ են ու հարգված իրենց ժողովրդի կողմից։ Ինքնուրույն ու իր շահերը հստակորեն պաշտպանող երկրի քաղաքացին իրեն պաշտպանված է զգում նաեւ դրսում․ մազդ ծռվի, դեսպան ու հյուպատոս ունի երկիրդ՝ պատրաստ կանգնելու քո կողքին։ Իսկ ո՞վ կհամարձակվի նման երկրի սահմանները խախտել կամ ոտնձգություն անել նրա նկատմամբ։ Չէ՞ որ դա հղի է միջազգային սկանդալով։

Բայց ի սկզբանե մեր եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններն այլ հունով են գնացել։ Դրանում, իհարկե, մեծ դեր են խաղացել ղարաբաղյան խնդիրը եւ մեր հարաբերությունները մերձավոր հարեւանների հետ։ Երբ դու ընդամենը 3 միլիոն բնակչություն ունես, բյուր խնդիրներ, սուղ բյուջե, եւ նավթ ու ծով ունեցող հարուստ հարեւաններ, որոնց հետ կոնֆլիկտը ոչ միայն դիվանագիտական է, այլեւ ռազմական, դա մեծ ռեսուրսներ է խլում քեզնից, եւ արդյունքում վտանգվում է երկրի ինքնիշխանությունը։ Իսկ երբ վտանգվում է երկրի ինքնիշխանությունը, պետության ղեկավարներն օգնություն են փնտրում, տվյալ պարագայում հայացքն ուղղելով դեպի որեւէ հզոր պետություն, աշխարհաքաղաքական կենտրոն։ Եվ քանի որ այս տարածաշրջանում հետաքրքրություններ ունի Ռուսաստանը, բնական է, որ փոքրիկ Հայաստանը հայտնվում է մեծ Ռուսաստանի «թեւի տակ»։

Հիմա ինչպե՞ս անել, որ մեր ներքին ու արտաքին խնդիրները չխանգարեն մեր ինքնիշխանությանը, եւ մենք չհայտնվենք Ռուսաստանից կասկածելի ու ոչ պակաս վտանգավոր կախման մեջ։ Դա առհասարակ հնարավո՞ր է։ Այս խնդիրը պետք է լուծի իշխանությունը։

Մեկնաբանություն
X