Սերժի Վաչոն 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն, 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին մեր հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Մեր տեղեկություններով՝ Ղազարյանը այս պահի դրությամբ համապատասխան գումարը դեռ չի մուծել։

Նշենք, որ նման որոշում երեկ կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանը, սակայն որոշումը հրապարակվել է քիչ առաջ։ Պաշտպանական կողմը բողոքարկել էր Ղազարյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 25.06.2018թ.-ին ձերբակալված Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X