Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ազատվո՞ւմ է աշխատակիցներից

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն դիմած Աննա Հովսեփյանն աշխատել է Երեւանի երաժշտագիտական գրադարանում, սպասարկման բաժնում՝ որպես գլխավոր գրադարանավար։ 2016թ․ կառավարությունը Տիգրան Մեծի 53 հասցեում գործող երաժշտագիտական գրադարանը միավորում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտին։ «Ես նամակ էի գրել մշակույթի նախարարին` Լիլիթ Մակունցին, որ մեզ պետք է առանձնացնեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, որովհետեւ մենք կորցրել ենք այդ ընթացքում մեր ընթերցողներին, կորցրել ենք մեր դեմքը, տարրալուծվել թանգարանի մեջ»,- ասաց Աննա Հովսեփյանը։

Հետո Աննան ասում է, որ տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն իմանում է իր նամակի մասին եւ իրեն այս ամսվա 13-ին ազատում է աշխատանքից։ «Մինչեւ այդ, մոտ մեկ տարի առաջ նա գրադարանի աշխատակիցներին ստիպել էր, որ դիմում գրեին, բայց ամիս-ամսաթիվը չնշեին։ Ամբողջ կոլեկտիվը ենթարկվեց, եւ աշխատակիցները դիմումներ գրեցին։ Դիմումներից անցել է մեկ տարի, ինքը ավելացրել է ամիս-ամսաթիվ եւ ինձ ազատել աշխատանքից։ Իսկ պատճառը նախարարին գրած իմ նամակն է։ Ես փորձել եմ գնալ նախարարի մոտ, բաժնի վարիչն է ինձ ընդունել՝ Սեւակ Ղազարյանը։ Նա ինձ ասաց, որ ոչ մի բան չենք կարող ապացուցել, ոչ մեկը չի կարող ասել, որ այդ դիմումը ստիպել են, որ դուք գրեք։ Տնօրենն էլ ասել էր, որ ես թիկունքից եմ հարվածել իրեն»,- մեզ հետ զրույցում նշեց Աննա Հովսեփյանը։

Գրադարանավարը երաժշտագիտական թանգարանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ միավորելը սխալ է համարում, քանի որ այդ ընթացքում կորցրել են բազմաթիվ ընթերցողների։ «Տարիուկես է, ինչ տեղափոխում են գրադարանը, դեռ չի տեղափոխվել։ Թանգարան-ինստիտուտի հետ միավորման արդյունքում 33 աշխատակիցներից մնացել են 23-ը, հետո էլ՝ 16-ը։ Եթե չստիպեր դիմում գրել, ոչ մի հիմք չէր ունենա ազատել։ Քանի որ ինքը հեռատես էր եւ խորամանկ, նախօրոք դիմումներ գրել տվեց, որ հետո ազատի աշխատակիցներին»,- ասաց Աննա Հովսեփյանը։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանից։

Տնօրենը, սակայն, լսելով մեր հարցը, տրամադրեց մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուի՝ Հրածին Սաֆարյանի համարը՝ ասելով, որ նա կտա մեզ հուզող հարցերի պատասխանը։ Հրածին Սաֆարյանն ուշադիր լսեց մեր պատմությունը եւ արձագանքեց․ «Եթե Դուք տնօրենին՝ ղեկավարությանն ուղղված հարցադրումներ ունեք, խնդրեմ գրավոր ձեւակերպեք, մենք պատշաճ կերպով կմեկնաբանենք։ Դրանք այնպիսի հարցեր են, որոնք ինձ չեն ուղղված, ես չեմ կարող դրանց պատասխանել, ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել որեւէ բան, որն ինձ հետ կապ չունի»։

Մեկնաբանություն
X