Փաշինյանը մանրամասնում է իր և Տեր-Պետրոսյանի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում որոշ մանրամասներ հաղորդեց իր և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից։ «Առաջին նախագահն ասել է, որ ինձ հետ որոշ հարցեր քննարկելու ցանկություն ունի, ես հրավիրել եմ նրան կառավարական առանձնատուն, հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրում մենք նստել ենք, սուրճ ենք խմել, զրուցել ենք, քննարկել ենք Արցախի հարցի վերաբերյալ։ Ինքն իր տեսակետները․․․ ոչ թե տեսակետներն է ասել, այլ փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է և հայտնի չլինեն։ Դա շատ օգտակար զրույց էր, բայց ես ասեմ, որ ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին։ Այսինքն՝ էն, ինչ որ ինձ ինքը հայտնել է, ամեն ինչ ինձ հայտնի էր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրերից ինքը փորձել է ամբողջական տեղեկատվություն ստանալ Արցախի խնդրի վերաբերյալ։

Փաշինյանն այս հարցով անգամ հրավիրել է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, և ինքը, Զոհրապ Մնացականյանն ու Նալբանդյանը հանդիպել, քննարկում են ունեցել, և Նալբանդյանը տեղեկություններ է տվել իրեն Արցախի խնդրի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ նման հանդիպում ապագայում էլ կլինի։ «Ներքաղաքական հարցերի, ըստ էության, անդրադարձ չի եղել իմ և Տեր-Պետրոսյանի խոսակցության ընթացքում, հիմնականում վերաբերել է Արցախի հարցին և արտաքին քաղաքականությանը»,-շարունակեց մանրամասնել հանդիպումը վարչապետը։

Նա չբացառեց, որ հետագայում ևս կարող են նման հանդիպումներ լինել, բայց այս պահին ինքը նման անհրաժեշտություն չի տեսնում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X