Արծաթակռիվ․ Ո՞րն է իրական Ջավախյանը

Հարցը շատ բազմակողմ է, նայած որ կողմից մոտենաս․ եթե Վերնիսաժի տարածքից, ուրեմն կճանաչես նրան որպես սեղանապետ՝ արծաթեղենով ողողված սեղանիկի ետեւում՝ բանից անխաբար, կանգնած միջին տարիքը վազանցած տղամարդու տեսքով ու նմանությամբ: Չնայած բանից անխաբար լինելու մասին տեղեկություններն այնքանով են իրական, որքանով ինքն է տեղեկացնում իր պատմվածքներով, «Հրապարակ»ային հրապարակումներով, որոնք ո՛չ էն է՝ պատմվածք են, ո՛չ էն է՝ իր եւ այլոց մտքի տվայտանք: Ավելին, դրանք իրականությունը «բռի մեջ» դիտարկած տեսարաններն են՝ գլխավոր հերոսով, եւ այդ հերոսի հերսոտությանը չդիմացած այն մարդկանցով, կնանիքով, որոնց քունջուպուճախին լավատեղյակ գրում է՝ նրանց նկարագիրը ներկայացնելով կուսական վիճակում եւ վերնիսաժյան, մերձվերնիսաժյան, գրական եւ մերձգրական տարածքներում:

Եվ եթե այս բազմակողմ հարցը դիտարկելու լինենք մերձգրական տարածքից եւ անխոհեմություն ունենանք հայտնվել Բաղրամյան-3-ի ջավախյանամերժ հատվածում, ապա բանը բանից ոչ միայն կանցնի, այլեւ հայ հասարակության մի հատված կսկսի զբաղվել ոչ հաճելի գործով՝ գուշակություններով, ինչին նա ընդհանրապես դեմ է եղել տակավին շնողյան իր կանաչ-կարմիր տարիներից, եւ հայտնի էլ չէ՝ կըմբոստանա՞, ի վերջո, կասի.

-Ադա, գուշակությունը ո՞րն ա, էն, որ մըթոմ ես ուզենամ Հայաստանը բարիդրացիական կամ բարիվրացիական երկիր տեսնեմ, բայց Երեւանի գրական ծայրագավառից դեմս առնեն, ասեն՝ Լեւոնը հա՛մ արծաթ ա ծախում, հա՛մ էլ արծաթով ծախվում: Դենի Դոնիկյանը կասեր՝ «Չըլլալիք բան է, ջանմ»։

Էդ տեսակ գուշակությունների հանդեպ չմահավան եմ: Էդ իսկական բամբասանք է, որ ես Շնողում տեհած չկամ, որ բամբասանք աճի, հրեն, Արարատյան դաշտումը՝ ինչքան ուզես: Իսկական բամբասանքն էն ա, որ ես մըթոմ հովանավորվում եմ Ադրբեջանի... Մեծի Տանն կաթողիկոսության կողմից ու կլենտներիս մանրը մանաթով եմ տալի...

Ջավախյանին... չճանաչելու բազմաթիվ առիթներ ես ունեցել եմ: Պատահել է, որ բարեւել եմ, ինձ նայել է ուշի-ուշով՝ մտքում ուշունց տալով: Կարծես թե Միջերկրականի ափին է ու մի ձկնորսի բացատրում է, թե թավշյա հեղափոխությունն ինչ հետեւանքներ է թողել Վերնիսաժի առուտուրի ու Հայաստանի ձկնարդյունաբերության զարգացման վրա:

Ես ոչ միայն նրան այդպահ չեմ ճանաչում, այլեւ իր շիտակախոսք բնավորությունից եմ սկսում... արտագաղթել իր մնայուն տարածքից: Հանկարծ չնկարագրի իր երթեւեկից՝ Խորենացու փողոցից մինչեւ իր կանգնավայր: Բայց որինքն իսկական բազմապրոֆիլ կռիվ ունի, հաստատ է, էն էլ՝ ինքն իր դեմ ու մի քիչ էլ վրիժառու է: Ինքնակռիվ, այն սկսվում ու վերջանում է իր արծաթասեղանի Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունում (ՍՊԸ) տարածքում, մարդկանց ներկայությամբ:

Արծաթի կռիվ՝ ինքն իր մեջ ու իրենից դուրս՝ դրամի, դոլարի, եվրոյի ակտիվ եւ պասիվ մասնակցությամբ: Իսկ եթե Ջավախյանը երբեմն լռում է անկռիվ, դա ինձ չի վերաբերվում, ես նրան փնտրում եմ իր բանավոր ու գրոց խոսքում, գտնելու հույս չունենալու մասին չեմ մտածել դեռ էն ժամանակներից, երբ ինքը Ջավախյան չէր, եւ Վերնիսաժն էլ՝ ամայի տարածք: Բայց մի օր խոսելու է բարձրաձայն.

-Վայ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վայ քու կերածն էլ հարամ... չըլլի...

Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X