Հիվանդանոցի մոտից մեքենա կողոպտելն իրավապահների համար սովորական երեւո՞ւյթ է

ՀՀ քաղաքացի, մասնագիտությամբ մարկետոլոգ Հեղինե Սուքիասյանը «նոր Հայաստանում» հայտնվել է անպաշտպան վիճակում։ Հազարից մի անգամ դիմել է իրավապահներին, որ օգնեն, բայց արժանացել է ոչ պատշաճ վերաբերմունքի։ Հեղինեն, ով իր խնդրի մասին բարձրաձայնելու եւ սրանով թերեւս նաեւ պատկան մարմիններին «սթափեցնելու» ակնկալիքով դիմել էր մեզ, պատմեց, որ մի քանի օր առաջ՝ հուլիսի 13-ին, ուրբաթ օրը, իր մեքենան, որը կարճ ժամանակով կայանած է եղել «Էրեբունի» ԲԿ-ի կայանատեղիում, տեսախցիկների տակ, կողոպտել են։ Չորս ըներուհիներով իր Mercedes CLK մակնիշի մեքենայով գնացել են հիվանդանոց՝ իրենց գործընկերոջը տեսակցության։ Բացի այն, որ հիվանդանոցի ավտոկայանատեղին հսկվում է տեսախցիկներով, հիվանդանոցն էլ հսկում են անվտանգության աշխատակիցները։ Որոշ ժամանակ անց դուրս են եկել ու տեսել, որ մեքենայի ապակին կոտրված է, իր եւ ընկերուհու պայուսակներն էլ՝ գողացած։ Երկուսի պայուսակի մեջ էլ գումար է եղել, նաեւ՝ կարեւոր իրեր ու փաստաթղթեր, այդ թվում՝ ընկերուհու պայուսակի մեջ եղել է նրա ավտոմեքենայի բանալին, որը կրկնօրինակ չունի։ Մի խոսքով՝ ուրբաթ 13-ն աղջիկների համար իսկապես սեւ ուրբաթի է վերածվել, որը ոչ մի կերպ, ինչպես հասկացանք մեր զրուցակցի պատմածից, չեն ցանկացել «լուսավորել» իրավապահ մարմինները։

«Ես անվտանգության աշխատակիցների ուշադրությունը, որոնք ոչ թե իրենց տեղում էին, այլ ինչ-որ տեղ նստարաններին նստած, հրավիրում եմ էս փաստի վրա, իրենք խոսքի մեջ ասում են, որ՝ հա, էստեղ հաճախ է նման բան լինում, ու ակնարկում են, որ տեսախցիկները կարող է ոչ էլ նորմալ ցույց տան։ Ես զանգահարում եմ ոստիկանություն, ոստիկանությունն Էրեբունու բաժնից ժամանում է 35 րոպե հետո։ Իրենք գալիս են, եւ փորձագետները սկսում են մատնահետքեր վերցնել։ Անկեղծ ասած՝ ես անձամբ չեմ լսել, բայց էդտեղ ներկաներից մեկն է լսել, որ փորձագետներն ասել են՝ մատնահետքի կարիք չկա վերցնելու, որովհետեւ էստեղ շատ են մատնահետքերը, դժվար է հասկանալ։ Ոստիկանությունն ասաց, որ կամերաների տեսագրությունը հիմա չենք կարող վերցնել, որովհետեւ ոչ աշխատանքյաին օր է, այսինքն՝ մնում էր երկուշաբթի։ Ստացվում է՝ երեք օր ժամանակ ենք կորցնում, եւ հանցագործության հետքերն էլ կարող էին կորել»,- պատմեց մեր զրուցակիցը։

Էրեբունու բաժնում Հեղինե Սուքիասյանը նկարագրել է իր գլխին եկածը, ոստիկանները նրանից բացատրություն են վերցրել, բայց մի բան նրան դուր չի եկել եւ տարօրինակ է թվացել։ «Մենք չորս հոգով էինք, հետո մեզնից մեկը գնաց, բայց ոստիկանի կողմից ոչ հարց հնչեց, թե քանի հոգով ենք եղել, թե ինչի չորրորդը գնաց, անգամ տեղյակ էլ չեղան, որ չորս հոգով ենք եղել։ Ուզում եմ ասել՝ էդքան անտարբեր քննություն առաջին հայացքից… էլ չեմ ասում, որ էդ նույն ոստիկանները բաժնում նշեցին, որ էդ դեպքերը հաճախ են լինում հենց Էրեբունու էդ տարածքում։ Երբ որ մեզ հարցաքննում էին, էնտեղ հարց կար, թե ինչքան կգնահատենք մեր կորուստը, եւ երբ որ փորձում էինք մտածելով հասկանալ, ասացին, թե․ «էնքան եք լուրջ հաշվում, ոնց որ հեսա վերադարձնելու ենք»։ Ես էս ամեն ինչը ձեզ փոխանցում եմ իմ զգացողությունները, որ չունեի էդ պահին զգացողություն, որ պաշտպանի կողքն եմ»։

Մենք դիմեցինք նաեւ ոստիկանություն՝ հասկանալու, թե ինչ է պատահել, ինչ քայլեր են ձեռնարկում նշված դեպքի բացահայտման ուղղությամբ, եւ արդյոք տեսախցիկների ինֆորմացիան վերցրե՞լ են, թե՞ ոչ։ Ոստիկանության լրատվական վարչությունից մեզ հայտնեցին ընդամենը հետեւյալը, որ հուլիսի 13-ին, ժամը 21։35-ին նշված քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել, որ իր մեքենայից կատարվել է գողություն։ «Օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19։30-21։30-ն ընկած հատվածում ապակին կոտրելու միջոցով Mercedes մակնիշի մեքենայից գողացել են քաղաքացու եւ նրա ընկերուհու պայուսակները՝ պատճառելով նյութական վնաս։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Բոլոր հանգամանքները կպարզվեն նախաքննության ընթացքում»,- ասացին ոստիկանությունից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X